Սպիտակ տունը դեռ չի նախատեսում Նիգերից տարհանել ամերիկացիներին
ԱՄՆ-ը դեռ չի ծրագրում տարհանել իր քաղաքացիներին Նիգերից, քանի որ երկրում տիրող իրավիճակում վտանգ չի տեսնում:
Այս մասին օգոստոսի 1-ին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք ԱՄՆ քաղաքացիներին կամ մեր օբյեկտներին ուղղված ուղղակի սպառնալիքների նշաններ չենք տեսնում, հետևաբար, չենք փոխել մեր դիրքորոշումը Նիգերում ներկայության վերաբերյալ», – ասել է նա:
Քիրբին հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները շարունակում են վերահսկել իրավիճակն աֆրիկյան երկրում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ չէ շահարկել Նիգերի հակամարտության հնարավոր ռազմական լուծումը։ «Մենք դեռ հավատում ենք, որ դիվանագիտության համար հնարավորությունների պատուհան կա, և հենց դրա վրա ենք կենտրոնանում հենց հիմա»,-ընդգծել է Քիրբին՝ հավելելով, որ դիվանագիտական պատուհանն աստիճանաբար նեղանում է։ Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը Նիգերի իրադարձություններին Ռուսաստանի միջամտության նշաններ չի տեսնում։
Անցյալ շաբաթ Նիգերում նախագահական պահակախումբը խռովություն կազմակերպեց, հանդես եկավ ազգային հեռուստատեսությամբ և հայտարարեց պետության ղեկավար Մոհամեդ Բազումի պաշտոնանկության, սահմանների փակման և երկրում պարետային ժամ մտցնելու մասին։
Ֆրանսիան և Իտալիան սկսել են համաքաղաքացիների տարհանումը Նիգերից: