Գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը՝ հատուկ Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար
Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար: Այս մասին հայտնել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«ArtsakhX հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ (End-to-End) գաղտնագրված ձևով միմյանց փոխանցել անձնական հաղորդագրություններ, ֆայլեր, կատարել աուդիո և տեսազանգեր: Ի տարբերություն այլ հայտնի մեսենջերների՝ ArtsakhX-ում հաղորդագրությունները, ֆայլերը, զանգերը չեն պահպանվում սերվերների վրա, ինչը հնարավորություն կտա խուսափել հաքերային հարձակումներից։
«Տվյալների ցածր օգտագործման ռեժիմը» թույլ է տալիս հաղորդակցվել նույնիսկ ցածր թողունակությամբ, ոչ կայուն և նույնիսկ աշխարհից անջատված համացանցի բացակայության դեպքում։ Նշված համակարգի աշխատունակությունը ապահովելու համար պարտադիր է ունենալ Wi-Fi կամ բջջային տվյալների կապի հասանելիություն։ Այսինքն՝ այն կգործի նաև Արցախի Հանրապետությունից դուրս կապի խափանման, ընդհատման դեպքում։
Ինչո՞ւ օգտագործել ArtsakhX հաղորդագրությունների հավելվածը
․ Բոլոր հաղորդագրությունները մաքսիմալ պաշտպանված են՝ սկզբից մինչև վերջ.
Համակարգը պաշտպանված է հսկողությունից և հաքերային հարձակումներից.
․ Լրիվությամբ գաղտնագրված տեքստեր, ֆայլեր, ձայնային զանգեր և տեսազանգեր.
․ Խմբային զրույցներ, բարձր որակի աուդիո և տեսազանգեր.
․ Ինտերնետ տրաֆիկի խնայողություն՝ «Տվյալների ցածր օգտագործման ռեժիմի» կիրառմամբ.
․ Հնարավորություն շփվել նույնիսկ ցածր թողունակությամբ և/կամ տատանվող ինտերնետ կապի պարագայում.
․ Պետական մարմիններից հրատապ ու նպատակային ծանուցումներ ստանալու հնարավորություն:
Օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել հավելվածը Google Play-ից, App Store-ից կամ ArtsakhX-ի պաշտոնական կայքից՝ գրանցվելով միայն արցախյան բջջային հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։