USAID-ի ղեկավարը միացել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին
Լաչինի միջանցքը կրիտիկական կարևորություն ունի ԼՂ ժողովրդին կենսական նշանակության մատակարարումներ անելու համար։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։
«Պարենային անապահովությունը և բժշկական պարագաների պակասը Լեռնային Ղարաբաղում շատ մտահոգիչ են։ Լաչինի միջանցքը կրիտիկական կարևորություն ունի ԼՂ ժողովրդին կենսական նշանակության մատակարարումներ անելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինկենի՝ միջանցքով առևտրային և մարդասիրական ապրանքների ազատ տարանցման մասին կոչին», – գրել է նա:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարը հայտնել էր, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ՝ հայտնելու Վաշինգտոնի խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – գրել է Բլինկենը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։