«Օհանյան» կրթահամալիրը հավաստագրվել է որպես համաշխարհային դպրոց

Երևանի «Օհանյան» կրթահամալիրը և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ»-ի (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School)՝ դառնալով նախադպրոցական և տարրական կրթական ծրագրեր (Primary Years Programme-PYP) իրականացնելու լիազորություն ունեցող երկրորդ կրթօջախը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Եվրասիա միջազգային համալսարանը։

ՀՀ-ում բոլոր տարիքային խմբերի համար (նախադպրոցական և տարրական, միջին և ավագ դպրոցներ) մինչ այժմ հավաստագրվել է ընդամենը 4 դպրոց։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված բանիմաց, վերլուծող, հետազոտող, լայնախոհ, արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի կարողություններով, սկզբունքային և հավասարակշռված, նախաձեռնող ապագա առաջնորդների ձևավորմանը։ ՄԵթոդաբանության առանացքում ըննկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը, ինչն իրականացվում է միջառարկայական և վերառարկայական կապերի ապահովման, մանկավարժների համագործակցային պլանավորման միջոցով։ Միջազգային բակալավրիատն իր անդամների գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների ընթացքում թիրախավորում է կառավարման, կրթական ծրագրերի, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդների, ռեսուրսների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Մանկավարժների ընթացիկ միջազգային վերապատրաստումները ծրագրի առաջնային պահանջներից են։

«Միջազգային բակալավրիատ»-ը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անձնական զարգացումը շեշտադրող խիստ ակադեմիական ծրագրերի շնորհիվ։ Նախադպրոցական և տարրական դասարանների ծրագիրը (PYP) նախատեսված է 3-12 տարեկան սաների համար և կենտրոնանում է նրանց ինտելեկտուալ, սոցիալ-հուզական հմտությունների զարգացման վրա՝ խթանելով ցկյանս ուսումնառությունը և նախաձեռնողականությունն արագ զարգացող աշխարհում։

Այս հավաստագրումը վկայում է «Օհանյան» կրթահամալիրի և «Նյուտոնիկ» նախակրթարանի՝ կրթության ոլորտում գերազանցությանն անմնացորդ նվիրման մասին, ինչպես նաև հավաստում Կրթահամալիրի ներդաշնակությունը ՄԲ-ի՝ միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի միջոցով առավել խաղաղ աշխարհ կերտելու առաքելությանը։

Կրթօջախն այս անդամակցությամբ ձեռք է բերել հասանելիություն ռեսուրսների հարուստ ընտրանու, ուսուցիչների համար մասնագիտական զարգացման լայն հնարավորությունների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող հեղինակավոր ՄԲ համաշխարհային դպրոցների ցանցին հասանելիություն։ Այս համագործակցությունը դպրոցին հնարավորություն է տալիս ավելի զարգացնել կրթության բովանդակությունը, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ռեսուրսները՝ հարստացնելով սաների կրթական փորձառությունը, նպաստելով կայուն և մնացորդային գիտելիքի ձևավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս