Սպառնալիք կա, դա ակնհայտ է. Կրեմլը՝ Մոսկվային անօդաչուներով հարվածների մասին
Կրեմլը պատասխանել է ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա Սիթի» համալիրի վրա երկու օրվա ընթացքում երկրորդ հարձակմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ մայրաքաղաքի համար ակնհայտ վտանգ կա, սակայն ընդգծել է, որ կատարվածը կարող է մեկնաբանել միայն ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարության ասածներին ավելացնելու ոչինչ չկա։ Փորձագիտական տեսանկյունից մեկնաբանություններ կարող են տալ միայն զինվորականները։ Սպառնալիք կա, դա ակնհայտ է։ Միջոցներ են ձեռնարկվում»,- պատասխանել է Պեսկովը «Կոմերսանտ»-ի այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում մայրաքաղաքի անվտանգությունը։
Այսօր հաղորդվել էր, որ Մոսկվան ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը. քաղաքին մոտենալու ժամանակ սարքերից երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ։
Մարդիկ չեն տուժել, վստահեցնում են Մոսկվայի քաղաքապետարանից։ Դատելով լուսանկարներից՝ կառույցին լուրջ վնաս չի հասցվել։ Կոտրվել է մոտ 150 քառ. մ ապակեպատում:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի և Նարո-Ֆոմինսկի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է երկու սարք։ Մեկը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, որից հետո այն ընկել է Մոսկվա քաղաքի տարածքում։
«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- Telegram-ում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։
Տեղում գտնվող լրատվամիջոցների թղթակիցները և ականատեսները հայտնում են, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ անօդաչուները կրկին հարվածել էին «Մոսկվա Սիթի» համալիրին: