Թուրքական «Baykar» ընկերությունն Ուկրաինայում ԱԹՍ-ների սպասարկման կենտրոն կբացի
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության միջև նոր պայմանագիր է կնքվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը Ուկրաինայում հիմնելու է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերանորոգման և սպասարկամն կենտրոն:
Այս առիթով Ուկրաինայի պաշտպանության նախարար Կոստանտին Վասչենկոն ևս հայտարարություն է տարածել:
«Սպասարկման կենտրոնի հիմնումը կարևոր ներդրում կունենա Ուկրաինայի պաշտպանական կարողության ամրապնդման տեսանկյունից և կօգնի մեզ մոտենալ մեր հաղթանակին»:
Վերջերս ուկրաինական կողմը նաև քայլեր էր ձեռնարկել մեծացնելու բանակում օգտագործվող ԱԹՍ-ների թվաքանակը, ինչի նպատակով էլ 10.000-ից ավելի ԱԹՍ օպերատոր էր պատրաստել:
Հիշեցնենեք, որ 2019-ին «Baykar»-ը փակ բաժնետիրական «Avia Ventures» ընկերության հետ պայմանագիր էր կնքել Ուկրաինայում «TB2» և «AKINCI» մոդելի հարվածային ԱԹՍ-ներ արտադրելու նպատակով: Թուրքական և միջազգային մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Avia Ventures»-ը ևս պատկանում է Սելչուք Բայրաքթարին: