Համոզված ենք՝ Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և ՀՀ-ի համար մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը․ սիմֆոնիկ նվագախմբի հայտարարությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումից հետո նվագախմբի երաժիշտներն ու աշխատակազմը հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ ընկերներ,

Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում: Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ արձագանքներ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների կողմից և շնորհակալություն ենք հայտնում սատարման, ջերմ խոսքերի և ընթացիկ իրադարձությունների հանդեպ սթափ մոտեցումների համար:

Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:

Մենք հույս ենք հայտնում, որ բարձրացված աղմուկին շուտափույթ կերպով կփոխարինեն հավասարակշռված տեղեկատվությունն ու վերլուծությունը, կկայացվեն ողջամիտ որոշումներ, և մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին: Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի նկատմամբ՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է:

Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում դժվարին պահերին մեր կողքին լինելու համար:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ և աշխատակազմ»։

Հիշեցնենք, որ գործարար Արման Պետրոսյանը, ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյան և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել են։ Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեև փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին:

Տեսանյութեր

Լրահոս