Արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը, որոնք՝ հակառակը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությանն անդրադառնալով՝ նախորդ համարում ուշադրություն էինք դարձրել առաջին տասնյակի ընկերությունների վրա: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ պատկեր է հարյուրյակի առումով: Նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել բանկերը: Փաստացի Հայաստանում գործող 18 բանկից 14-ը հարյուրյակում է, ավելին՝ երկուսը՝ «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը», տասնյակում են, ևս մեկը՝ «Ակբա բանկը», տասնմեկերորդն է: Հետաքրքիր պատկեր է ստեղծվել արտադրողների առումով:
Հարյուրյակում նրանք 17-ն են: Ի դեպ, ինչպես նախկինում, այս դեպքում էլ հաշվարկում չենք ներառել հանքարդյունաբերությունը, քանզի այս ոլորտի առաջատարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մրցակցությունից դուրս է ոչ միայն իր բնագավառում, այլև ընդհանրապես, քանի որ մշտապես առաջին հորիզոնականում է: Ուշագրավ է, որ արտադրողներից իր դիրքերը պահպանել է «Գրանդ տոբակոն» («մշտական» 3-րդ հորիզոնական), մեծամասնությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հետընթաց է գրանցել (օրինակ՝ «Մասիս տոբակո»՝ 9-րդ տեղ՝ 2022 թ. առաջին կիսամյակի 4-րդ տեղի փոխարեն, «Գրանդ քենդի»՝ 37-րդ տեղ 33-ի փոխարեն, Երևանի կոնյակի գործարան՝ 47-րդ տեղ 36-ի փոխարեն, «Երևանի գարեջուր»՝ 81-րդ տեղ 68-ի փոխարեն), իսկ «Պեռնո Ռիկար» ընկերությունն ընդհանրապես դուրս է մնացել հարյուրյակից՝ դիրքերը զիջելով 47 հորիզոնականով:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրենց դիրքերը բարելավել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոն» ընկերությունը, հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ» գրուպը, որը 133-րդ տեղից հայտնվել է հարյուրյակում՝ 88-րդ հորիզոնականում, ինչպես նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունը, որը լավագույն հարյուրյակի մեջ դարձյալ միակն է իր ոլորտում: Ի դեպ, հավելենք, որ լավագույն հարյուրյակում մեծ թիվ են կազմում ներմուծմամբ ու առևտրով զբաղվող կազմակերպությունները»: