Այդ տվյալները հանդիսանում են հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ, այդ իսկ պատճառով չեն հրապարակվում. ԿԸՀ-ից պարզաբանում են
168.am-ն օրերս հրապարակել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագիրը՝ մասնավորապես տեղեկացնելով. «2023 թվականին ներկայացված 2022 թվականի իր հայտարարագրի համաձայն՝ Վահագն Հովակիմյանը միանձնյա սեփականության իրավունքով շարունակել է տնօրինել Երևանի Աջափնյակ համայնքում 2020 թ. դեկտեմբերի 7-ին նվիրատվության եղանակով ստացած կառույցը (ըստ հայտարարագրի՝ կառույցի բնութագիրն է. նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները):
Դարձյալ նույն տարեթվին, նույն համայնքում նորից նվիրատվությամբ ձեռք բերված միանձնյա սեփականություն հանդիսացող հողին ամրակայված այլ անշարժ գույք և երկու հողամաս:
Ինչ խոսք, 2020 թվականը բավականին հաջողակ տարի է եղել Վահագն Հովակիմյանի համար, քանի որ ունեցել են առատաձեռն նվիրատու, որի մասին, ի դեպ, պաշտոնյան հայտարարագրում լռել է»:
ԿԸՀ-ից անդրադառնալով այս արձանագրմանը՝ պարզաբանմամբ տեղեկացրել են, որ Վահագն Հովակիմյանի նվիրատուն վերջինիս հայրն է եղել՝ Միսակ Հովակիմյանը, իսկ գույքն էլ եղել է հայրական տունը:
«Այն պատկանել է Միսակ Հովակիմյանին, վերջինս էլ այն բաժանել և նվիրել է որդիներին՝ Վահագն և Հայկ Հովակիմյաններին: Սիլիկյան թաղամասում գտնվող տանը և՛ բնակվում են, և՛ հաշվառված են ԿԸՀ նախագահն ու իր եղբայրը (իրեն պատկանող մասում),- նշել էին ԿԸՀ պարզաբանման մեջ՝ հավելելով,- Վահագն Հովակիմյանի հայտարարագրում նշվել է, թե ով է նվիրատուն, ինչն օրենքի պահանջն է, սակայն այդ տվյալները հանդիսանում են հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ, այդ իսկ պատճառով չեն հրապարակվում»:
Ի դեպ, ի լրումն, մեզ ԿԸՀ-ից նաև հայտնեցին, որ հիշյալ տունը 1973 թվականից կառուցվում է, դեռ վերջնական կառուցված չէ:
Հ.Գ. Նկատենք՝ մեր նախորդ հրապարակման մեջ, որտեղ անդրադարձել էինք Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամների հայտարարագրերին, արձանագրել էինք նվիրատուի մասին տեղեկություններ. փաստորեն, այդ դեպքում նվիրատու Սասուն Միքայելյանի անունը համարվել էր հրապարակման ենթակա տեղեկություն: