Հողամասերի շքերթ. Ի՞նչ են հայտարարագրել Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամները 2022 թվականին
168.am-ը հայտարարագրերի շարքի հերթական հրապարակմամբ անդրադառնում է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի ու նրա ընտանիքի տպավորիչ ունեցվածքին: Ինչպես և սպասելի էր՝ թավշյա հեղափոխությունը դրական է ազդել Միքայելյանների գերդաստանի վրա:
Սկսենք Սասուն Միքայելյանի պաշտոնյա որդու՝ 2018 թվականից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարումը ստանձնած Սևակ Միքայելյանի հայտարարագրից։
Այսպիսով, համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Սևակ Միքայելյանը 2022 թվականին հայտարարագրել է.
– Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 2012 թ. որպես նվիրատվություն ստացած հասարակական նշանակության շինություն,
– դարձյալ նույն քաղաքում 2017 թվականին գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող hասարակական նշանակության շինություն և հողամաս,
– 2019 թվականին որպես նվիրատվություն ստացած և միանձնյա տնօրինվող հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով անհատական բնակելի տուն:
Հաշվետու տարում Սևակ Միքայելյանը 1 միլիոն դրամով գնել է «Օփել» մակնիշի ավտոմեքենա, իսկ եկամուտները եղել են աշխատավարձի տեսքով՝ 5 միլիոն դրամ, որը ստացել է «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ»-ից:
Պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, համատեղ բնակվող Սասուն Միքայելյանի հայտարարագիրը ևս չափազանց տպավորիչ է հայտարարագրված անշարժ գույքի քանակով: 2022 թվականի տարեվերջին Սասուն Միքայելյանը շարունակել է տնօրինել՝
– 2005 և 2006 թվականներին Կոտայքի Հրազդան համայնքում ձեռք բերված 2 հողամաս՝ համատեղ սեփականության իրավունքով,
– 2005 և 2007 թվականներին գնված և միանձնյա սեփականություն հանդիսացող ևս երկու հողամաս՝ Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում,
– 2015 թվականին գնված ավտոտնակ,
– 2018 և 2019 թվականներին գնված և միանձնյա տնօրինվող ևս երեք հողամասեր Հանքավան և Հրազդան համայնքներում,
– ինչպես նաև՝ 2009 թվականին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում գնված և համատեղ սեփականություն հանդիսացող տարածք բազմաբնակարան շենքում:
2022թ. նա հօգուտ համայնքապետ որդու՝ նվիրատվության եղանակով օտարել է միանձնյա սեփականություն հանդիսացող 4 հողամաս Ծաղկաձորում:
Հայտարարատուն, պարզվում է, 2022 թվականին նաև շատ ձեռնտու գործարք է իրականացրել. 2021 թվականին գնված 2005 թվականի «Լեքսուս» մակնիշի մեքենան 2022 թվականի մարտի 23-ին 7 միլիոն 500 հազար դրամով օտարելուց ընդամենը երկու օր անց՝ Սասուն Միքայելյանը ճիշտ նույն գումարով՝ ձեռք է բերել ավելի նոր՝ 2012 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի մեքենա:
Վասակ Վարդանյան՝ Սասուն Միքայելյանի փեսա, 2018-ից մինչ օրս Կոտայքի մարզպետի տեղակալ և, ինչպես ենթադրվում էր, ՔՊ-ական մարզային գործիչ
2022 թվականի իր հայտարարագրում Վասակ Վարդանյանը նշել է համատեղ սեփականության իրավունքով Հրազդան քաղաքում ձեռք բերված բնակարանի և դարձյալ նույն համայնքում 2016 թվականի որպես նվիրատվություն ստացած և բաժնային սեփականության իրավունքով տնօրինվող 3 հողամասի մասին:
Փեսայի հաշվետու տարվա եկամուտները կազմել են շուրջ 10 միլիոն դրամ, որը որպես աշխատանքի վարձատրություն՝ ստացել է մարզպետարանի աշխատակազմից:
Սասուն Միքայելյանի դուստր Սաթենիկ Միքայելյանի 2022թ. հայտարարագիրը
Միքայելյանների խնամի, նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի օգնական, իսկ նոր մարզպետ Ահարոն Սահակյանի օրոք՝ մարզպետարանի ընդհանուր բաժնի ավագ մասնագետ Սաթենիկ Միքայելյանը հայտարարագրել է՝
– համատեղ սեփականություն հանդիսացող 4 հողամաս Հրազդան համայնքում, որոնք որպես նվիրատվություն է ստացել 2005-2006 թվականներին,
– 2019 թվականին գնված, համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան՝ դարձյալ նույն համայնքի բազմաբնակարան շենքում:
Սաթենիկ Միքայելյանը բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ բաժնում նշել է շուրջ 30 միլիոն դրամ նվիրատվության մասին, որը 2021 թվականին ստացել է Մեխակ Միքայելյանից:
Հաշվետու տարում Սաթենիկ Միքայելյանի եկամուտները կազմել են շուրջ 3 միլիոն դրամ. այն որպես աշխատավարձ՝ ստացել է մարզեպտարանից:
Հ.Գ. «Մենք հաղթել ենք արցախյան պատերազմում, բայց չեմ վարանում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեց հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը»,- թավշյա իրողությունների մասին 2018 թվականին, Թալին քաղաքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին ահա այս դիտարկումն էր արել Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը: