Բաժիններ՝

20-ամյա երիտասարդը կրակել և վնասել էր բնակարաններից մեկի առաստաղը

Հուլիսի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Քաջազնունու փողոցի շենքերից մեկի մոտ հնչել է կրակոց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 08.55-ին անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից Քաջազնունու փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է նշված շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակի առաստաղը: Նշված բնակարանի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են պարկուճ և գնդակ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վարդանանց փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա եղել է 24-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով:

Հետագա միջոցառումների արդյունքում 20-ամյա և 24-ամյա երիտասարդները Չարենցի փողոցում հայտնաբերվել և, «Մերսեդեսով» հանդերձ, բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարտական վիճակի բերված «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, «ՏՕԶ» տիպի ատրճանակի 3 փամփուշտ և 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձերբակալված երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս