«Պատերազմի հավանականությունը մեծ է. Աղդամի ճանապարհի օգտագործումը նշանակում է՝ Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախն այլևս իր համար անհանգստացնող խնդիր չլինի, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
«Ի՞նչ է տեղի ունենում Արցախի շուրջ. տեսնում ենք, որ սա մի գործընթաց է, որը մեծ հաշվով ճանապարհ է բացում Արցախի հետ կապված հետագա զարգացումների համար, մասնավորապես՝ ադրբեջանական կողմն օգտվում է այդ իրավիճակից և ոչ միայն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը շահագործվի, այլև քարոզչական թեզերով ցույց է տալիս, թե իբր Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, և այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը հայկական կողմի քարոզչությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և հարցին, թե այս պահին քաղաքագիտական առումով ի՞նչ է տեղի ունենում Արցախում։
Շարունակելով միտքը, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ իրականում սա մեծ խնդիր է, քանի որ հայկական կողմը, ըստ էության, չունի հարցի լուծմանը միտված որևէ ծրագիր։ Ճիշտ հակառակը՝ կարելի է ասել, որ արվում է ժողովրդական լեզվով ասած՝ «յաբախտի» քայլեր, ինչ-որ առանց պայմանավորվածությունների, թեկուզ արտաքին գործընկերների հետ պայմանավորվածությունների, էլ չասած՝ Ադրբեջանի հետ։
«Սա բոլորին փաստի առջև կանգնեցնելու քաղաքականություն է, որի նպատակը մեկն է, որպեսզի Փաշինյանը հետո ասի՝ դե, ես փորձել եմ օգնել, բայց չի ստացվել՝ ռուսները չեն օգնել, և այլն։ Կարծում եմ՝ սա է այն, ինչ տեղի է ունենում, ինչն իրական քաղաքականության հետ, ցավոք, շատ քիչ կապ ունի, սա Փաշինյանի ձեռնագիրն է՝ պարզապես ամեն ինչ այնպես ներկայացնել, որ հետո իրեն մեղադրանքներ չլինի, ինչպես պատերազմի ժամանակ էր ասում՝ պատերազմը չեմ կանգնեցրել, որ հետո ինձ չասեն՝ դավաճան։ Նույն ձևով այսօր բոլորին փաստի առջև է կանգնեցնում, նաև հիասթափություններ է առաջացնում Արցախում հերթական անգամ, զուտ նրա համար, որ հետո իրեն որևէ մեկը չասի, որ՝ դու չես փորձել ճգնաժամի մեջ գտնվող արցախահայությանը օգտակար լինել»,- շեշտեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում պատերազմի վերսկսման վտանգներին, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ հայտնի հայտարարությունից հետո, որ Արցախում ռազմական հնարավոր գործողությունների դեպքում, ՀՀ բանակը որևէ բան չի անելու, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց.
«Պատերազմի հավանականությունը, այո, մեծ է։ Երբ Ադրբեջանը տեսնում է, որ Արցախի միակ երաշխավոր Հայաստանը՝ ՀՀ իշխանությունը, որևէ կերպ չի նպաստում Արցախի անվտանգության խնդիրների լուծմանը, ավելին՝ իր քայլերով նոր խնդիրներ է ստեղծում Արցախի համար, Ադրբեջանում կարող են սա որպես լավ առիթ օգտագործել»։
Հարցին՝ Աղդամի ճանապարհի օգտագործումն ի՞նչ է նշանակում Արցախի համար, քաղաքագետը պատասխանեց, որ ակնհայտ է, թե ինչ կլինի, եթե օգտագործվի Աղդամի ճանապարհը՝ լինելու է Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին։ «Այսինքն՝ բավական է միայն Արցախը մեկ անգամ ընդունի այդ օգնությունը, դա կշարունակվի հետզհետե նաև ապագայում, և Ադրբեջանը նոր հնարավորություններ կստանա Արցախ մուտք գործելու։ Հետո, իհարկե, այդ հնարավորությունն օգտագործելու է Արցախն ամբողջովին կլանելու համար, ուրիշ ոչ մի խնդիր Ադրբեջանն այստեղ չի դնում»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։