Փոխվում է Թուրքիայի կառավարության կազմը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Հետահայաց հիշենք, որ երբ Թուրքիայում անցկացվում էին նախագահական ընտրություններ, թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների 50%+1 քվեն։ Այդ իսկ պատճառով անցկացվեցին նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, որի արդյունքների համաձայն էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում, ինչին հաջորդեց երդմնակալության արարողությունը և կառավարության նոր կազմի հրապարակումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նորակազմ կառավարության անդամների շարքում Էրդողանը դիմել էր որոշակի առանցքային փոփոխություններ։ Սույն հոդվածում քննության են առնում նորանշանակ նախարարներից երկուսի՝ արդարադատության և ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարարների գործունեությունը Հայոց ցեղասպանության ժխտման գործում։
Ուսումնասիրելով նրանց կենսագրությունը և կարիերան՝ պարզ դարձավ, որ նրանք աչքի են ընկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց հստակ ընդգծված ժխտողական դիրքորոշմամբ և դատապարտող հայտարարություններով։
Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում Էրդողանը նշանակել է Յըլմազ Թունչին, ով «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ է և մինչ արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը եղել է արդարադատության հանձնաժողովի նախագահը։ Յըլմազ Թունչը 2019-ին դատապարտել էր ԱՄՆ Սենատի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության» օրինագծի վերաբերյալ որոշումը և այն ստորագրողներին։
«ԱՄՆ-ն պատմությունը օգտագործում է քաղաքականության մեջ։ Թուրքիան բացել է իր արխիվները ողջ աշխարհի համար, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մենք հպարտանում ենք մեր նախնիներով և ասում, որ սխալ բան չեն արել»,- ժամանակին հայտարարել է Թունչը, ապա հավելել․ «ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության օրինագծի մասին որոշումը մեր ազգի համար առ ոչինչ է։ Նրանք, ովքեր կընդունեն պատմական փաստերի հետ անհամատեղելի այս որոշումը, կկանգնեն ճշմարտության առաջ, երբ նայեն սեփական մութ պատմությանը։ Մեր նախնիները, ովքեր դարեր շարունակ աշխարհին արդարություն ու խաղաղություն են բերել, մեր պատիվն են»։
Մեկ այլ դեպք, 2022-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Շահիդն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Դրանից անմիջապես հետո Թունչը Twitter-ում գրել էր․ «Ես դատապարտում եմ Աբդուլլահ Շահիդին, ով չի գործում ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան։ Քաղաքական մանիպուլացիաների միջոցով պատմական փաստերի և միջազգային իրավունքի կեղծումն անընդունելի է»։
Հաջորդ ուշագրավ նշանակումը ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի նշանակումն է, ով կառավարության կազմում միակ կին նախարարն է։ Նա 2009-ին ընտրվել էր Բելգիայի «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր և դարձել երկրի «առաջին գլխաշորով պատգամավորը»։
2015-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ Գյոքթաշը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո հեռացվել էր կուսակցության շարքերից՝ քաղաքական գործունեությունը շարունակելով որպես անկախ պատգամավոր։
Կուսակցության շարքերից հեռացվելուց առաջ Գյոքթաշը բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար հայտարարաված լռության րոպեն և նշել, թե իբրև «հայկական պնդումները հիմնավորված չեն դատարանի որոշմամբ»։
Նա մասնավորապես հայտարարել էր․ «Իմ հեռացումը սև բիծ է դարձել «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության և Բելգիայի ժողովրդավարության պատմության վրա։ Այս հարցում ես իմ հայացքների տերն եմ և երբեք չեմ հրաժարվի իմ խոսքի ազատությունից»։
Մինչ ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար նշանակվելը 2019-ին նա Ալժիրում եղել է Թուրքիայի դեսպանը։
Վերոնշյալ պաշտոններում այս նախարարների նշանակումը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի որդեգրած անփոփոխ քաղաքական գիծը Հայաստանի ու հայերի հանդեպ։ Համոզիչ տպավորություն է, որ ներկայիս Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իր ժխտողական քաղաքականությունից։ Դա նշանակում է, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը պիտի ավելի աննահանջ պայքար մղեն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց լայնատարած դարձնելու համար՝ դրանով իսկ կանխելով հնարավոր նոր արհավիրքները։