Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:
Անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերով իրականացվող ծրագրերին, մակրոտնտեսական վերջին զարգացումներին, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին:
Առանձին ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծման հնարավորությունները:
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված կապիտալ ծրագրերը ժամանակին և պատշաճ իրականացնելու վերաբերյալ: