Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է արդիականացված Kа-52 հարվածային ուղղաթիռներ. Բրիտանիայի հետախուզություն
Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ բրիտանական հետախուզության հուլիսի 27-ի տեղեկագրում նշվում է, որ Զապորոժիեի մարզում ուկրաինական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում։ Սակայն տեղեկագրի մեծ մասը նվիրված է տվյալ տարածքում Ռուսաստանի կողմից հակատանկային հրթիռով համալրված Kа-52 հարվածային ուղղաթիռների կիրառմանը։
Բրիտանական հետախուզությունը նշում է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կորցրել է մոտ 40 Kа-52 ուղղաթիռ, սակայն ուղղաթիռների այդ տեսակը լուրջ վնասներ է հասցրել Ուկրաինային։
«Վերջին ամիսներին Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, հարավում գտնվող իր ուժերին ավելացրել է Ka-52M-ի բոլորովին նոր տարբերակների փոքր խմբաքանակ․ դա մեծապես փոփոխված ուղղաթիռ է՝ հիմնված Սիրիայում Ռուսաստանի քաղած դասերի վրա», – նշված է տեղեկագրում։
Ըստ բրիտանական հետախուզության՝ Ка-52-ի խմբաքանակի կարևոր բարելավումներից մեկն այն է, որ ուղղաթիռում ինտեգրվել է նոր LMUR հակատանկային հրթիռ, որն ունի մոտ 15 կմ հեռահարություն և ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի հասանելիությունից դուրս է։
Ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին հայտարարվել է հունիսի սկզբին։ Սակայն ուկրաինական ուժերի առաջխաղացումն, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, դեռևս շատ դանդաղ է ընթանում ռուսական ականապատ դաշտերի, հակատանկային պատնեշների և պաշտպանության այլ միջոցների պատճառով։