Փաշինյանը կա՛մ Երևանը կդարձնի արյան ծով, կա՛մ պետք է փախչի Հայաստանից. Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինքրոն գործելով՝ ձախողել է Արցախի հիմնախնդրով զբաղվող ռուսական հարթակը և հայտնվել է արևմտյան ծուղակում, որտեղ Հայաստանը միայն հարվածներ է ստանում, ինքն էլ հանձնում է Արցախը՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը։
«Փաշինյանն Ալիևի կտերով հայտնվեց արևմտյան ծուղակում։ Փաշինյանն արևմտյան հարթակներում, հանկարծ չպատկերացնենք, թե լուծում է Արցախի հարցը, իրականում նա ծառայություններ է մատուցում Արևմուտքին՝ սեփական անձնական անվտանգության դիմաց Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու նպատակով»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ տեղին է նկատել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը, ստորագրելով իր մատնանշած փաստաթուղթը, Հայաստանում խորացնելու է ներքաղաքական ճգնաժամը։
«Փաշինյանը երկու տարբերակ ունի՝ կա՛մ Երևանը դարձնել արյան ծով, կա՛մ փախչել երկրից. այս իմաստով Օսկանյանը ճիշտ է նշել, այդ փաստաթղթի ստորագրումը տրավմա է լինելու, չէ՞ որ տեղյակ ենք՝ ինչի շուրջ է բանակցում Արևմուտքում։ Արցախի հայերի համար անգամ չի երաշխավորվում հայերեն կարդալու և մոմ վառելու իրավունքը. նա բանակցում է Արցախը մասնատելով Ադրբեջանին ինտեգրելու հարցը։ Ավելին՝ Ալիևը դաժան պարտադրանք է դրել. եթե Արցախում հայեր մնան, ապա դրա դիմաց պահանջում է այդ թույն թվաքանակով ադրբեջանցիների բնակեցում Գեղարքունիքի և Սյունիքի մարզում։ Փաշինյանն Արցախն արդեն մասնատել և մատաղ է արել Ալիևի ոտքերի առաջ»,- ասաց Սուրենյանցը՝ շեշտելով՝ որևէ արևմտյան երկիր չի ապահովելու Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, որևէ արևմտյան երկիր Ադրբեջանին չի էլ պատժելու Լաչինի միջանցքը փակելու համար, ուստի պետք է հատկապես Մինսկի խմբի համանախագահների առաջ դնել ինստիտուցիոնալ հիշողությունը վերակենդանացնելու հարցը։
«Հենց այդ մասին էր խոսել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր երեկվա նամակում. պետք է Մինսկի խմբի համանախագահների առաջ այդ հիշողությունը պահպանելու պատասխանատվություն դրվի, թեև այստեղ շատ է բարդացնում հայկական կողմի վիճակը Նիկոլ Փաշինյանը, որը հոկտեմբերի 6-ին ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ փոխելով ստատուս-քվոն»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։