12 միլիոն եվրոյով ավելացրել են պետական պարտքը

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, այդ ժամանակվա իշխանություններին սուր քննադատության էր ենթարկում պետության պարտքն ավելացնելու, վարկեր վերցնելու, կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար։

Օրինակ, 2017 թվականին ԱԺ նիստերից մեկում, խոսելով ԱԺ բերված հերթական վարկային համաձայնագրի մասին, ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը վարկերով անընդհատ պարտք է ավելացնում, և եթե այդ վարկերը չլինեն, ընդհանրապես երկրի տնտեսության մեջ ոչ մի բան տեղի չի ունենա։

Իր կողմից քննադատված իշխանությունից Փաշինյանը ժառանգեց 5 միլիարդ դոլարի պետական պարտք և իր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում այն հասցրեց մոտ 11 միլիարդի՝ հաճախ հայտարարելով, որ պետական պարտքից պետք չէ վախենալ։

Եվ հիմա, այդպես չվախենալով, Փաշինյանի իշխանությունը շարունակում է ավելացնել պետական պարտքը՝ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի կողմից այդքան չսիրված վարկային համաձայնագրերի միջոցով։

Կարդացեք նաև

Հերթական վարկային համաձայնագիրը ստորագրվել է օրերս՝ 12 միլիոն եվրոյով ավելացնելով պետության պարտքը։

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև, և նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի վարկ տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

Ուշագրավ է, որ վարկ վերցնելուց բացի, Հայաստանի Կառավարությունը վարկ տրամադրող բանկին ազատել է Հայաստանում պարտադիր որոշ վճարներից։

Մասնավորապես, համաձայնագրի կետերից մեկով նախատեսված է, որ Հայաստանի կառավարությունը Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման։

Նշենք, որ Ֆինանսների նախարարությունն առարկություն է ներկայացրել այս արտոնության վերաբերյալ՝ շեշտելով՝ վարկ տրամադրող բանկին այս հավելյալ երաշխիքի տրամադրումը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական հավելյալ պարտավորություններ:

Հավելենք, որ այս համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս կստորագրվեն նոր վարկային համաձայնագրեր՝ ավելացնելով պետության պարտքը։

Տեսանյութեր

Լրահոս