
Թովմասյանը մեկնաբանել է «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի» արտահայտությունը

2023 թվականի հուլիսի 21-ին ուղերձով դիմել եմ Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին, որտեղ հնչեցրած «հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք-կողքի» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Գրել է Ացախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և մեկնաբանել իր՝ «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի» միտքը:
«Հստակեցնելու համար ընդգծում եմ, որ տարածքում, որտեղ 20-րդ դարի 30-ական թթ-ին ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետությունը, 1000-ամյակներով ապրել և ապրում են տարբեր ազգություններ՝ աղվաններ, թալիշներ, լեզգիներ, քրդեր, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլք:
Գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ ճնշվել են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից: Հենց այդ պատճառով էլ 2020 թվականի պատերազմի ժամանակ, կոչով դիմել էի բոլոր այդ ազգ-ազգություններին, որ զերծ մնան Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց, որ կարող են սպիտակ դրոշով անցնել մեր կողմը, ու մենք կապահովենք նրանց անվտանգությունը՝ ընդհուպ տեղափոխելով երրորդ երկիր:
«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» մասին միտքս վերաբերում էր այդ ժողովուրդներին:
Ուղերձի շեշտադրումները պատմական ու իրադարձային հենք ունեն»: