«Արայիկ Հարությունյանի նամակը հրապարակեք. այնտեղ գրվա՞ծ են Արցախի կարմիր գծերը». Թևան Պողոսյան

Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Արցախի նախագահի ձևակերպմամբ՝ օրհասական, բայց նա այս պահին նստացույց է անում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է միջազգային հանրության և մամուլի ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ ցանկացած գործողություն կարելի է համարել պայքարի մի ճանապարհ, բայց մարդիկ ունեն տարբեր կարգավիճակներ:

«Պետության ղեկավարներն ունեն այլ պարտականություններ: Նրանք նախընտրական ծրագիր են հռչակում, թիմ հավաքում, քվե ուզում, իշխանություն ստանձնում և դրա հիման վրա պետք է կատարեն իրենց գործողությունները: Այս գործողությունների շրջանակների մեջ արդյո՞ք գրված էր՝ ամեն ինչ կփորձեմ, բայց եթե չստացվի, մնամ պաշտոնին, մի ինչ-որ բան անեմ: Բացի դրանից, ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինի առաջին օրվանից, հաշվարկի, որ վատագույն սցենարին չհասնի: Երբ ասում են՝ հիմա այլ ելք չի մնացել, սա ենք անում, նշանակում է՝ դու բոլոր սցենարները չես հաշվարկել, կամ քայլեր չես արել, որ այդ սցենարներին չգաս: Հիմա ասել՝ նստացույցը լավ է, թե ոչ, արդյունքով ենք գնահատելու: Քանի՞ օր է անցել, արդյունք չկա՞, չկա՛»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Թևան Պողոսյանը հիշեցրեց Ալիևի հայտարարությունները, երբ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Արցախի իշխանությունները պետք է կազմալուծվեն, և հարցադրում արեց. «Իսկ կարո՞ղ է այս գործողությունները հենց դա են, որ պետք էր սենյակից դուրս գալ: ԱԺ-ն որոշում կայացրեց գնալ նստել նույն վրանի մեջ, կարո՞ղ է դրա շարունակությունն էր: Երբ Ալիևն ասում էր՝ բանակը պետք է կազմալուծվի, կարո՞ղ է Վիտալի Բալասանյանի կալանավորումը դա էր: Տեսեք՝ դու պատրաստվում ես կոչով դիմել հանրությանը և խնդրում ես 120 հազար արցախցիներին մեկ մարդու նման հավաքվել հրապարակում. 5 րոպե չանցած՝ պարզվում է, որ մի խումբ մարդկանց որոշել ես ուղարկել մի տեղ, որ մի խումբ մարդկանց ձերբակալեն: 120 հազարից երեք հոգի պակասեցի՞ն այդ րոպեի քո կոչին, արդյո՞ք դա այդ օրն էր: Եթե Արցախը շրջափակման մեջ է, այդ մարդիկ կարողանալո՞ւ էին փախչել: Անցած երեք տարիներին Ալիևն ինչ ասել է, ինչ-որ ժամանակ հետո ոնց որ թե իրականություն է դարձել, զոռով է արել, թե Հայաստանի իշխանությունները դա նրա համար ապահովել են, ինքն էլ դրա մասին ժամանակ առ ժամանակ ասում է՝ այս օրը այս ճանաչեցին, այն արեցին, այն արեցին: Ալիևը փոխզիջումներից չի խոսում, ասում է՝ ամեն ինչ մեր ուզածով է, Երևանն էլ ենք վերցնելու»:

Անդրադառնալով Փաշինյանի միջոցով Շառլ Միշելին ուղարկված Արայիկ Հարությունյանի նամակին, նա ընդգծեց. «Միգուցե նամակի բովանդակությունն էլ հրապարակեք, իմանանք, ոչինչ չեք հրապարակում, ասում եք՝ Միշելը այս ասաց: Այդ նամակի մեջ գրվա՞ծ է եղել կարմիր գիծը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս