Քերոբյանին հարցնում են Արցախի շրջափակման մասին, նա դարձյալ վկայակոչում է ՀՀ «տնտեսական աճերը»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Արցախում ստեղծված իրավիճակի մասին լրագրողի հարցադրումներին ի պատասխան՝ դարձյալ խոսեց ՀՀ արձանագրած «աճերի» մասին: Ինչպես ասում են՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին:
«Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, և դուք տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճն աշխարհում ամենաբարձրերից է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Ձեզ չի՞ հետաքրքրում Արցախում ստեղծված իրավիճակը»,- դարձյալ հստակեցրեց լրագրողը, որին ի պատասխան՝ Վահան Քերոբյանն արձանագրեց, որ իր պարտականությունները լավ անելով՝ օգնում է իր մյուս գործընկերներին՝ պաշտպանության նախարարին, արտգործնախարարին, ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերում։
Տնտեսական հարցադրումներին անդրադառնալով՝ նախարարը խոսեց փոքր ու միջին ձեռնարկությունների՝ եկամտահարկ վճարելու հնարավոր բեռի մասին:
«Շատ քիչ են այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք անցում են կատարում մեծ ընկերությունների, և այդ առումով Հայաստանը շատ վատ դիրքում է գտնվում։ Եթե Եվրոպայում կամ աշխարհի զարգացած այլ երկրներում 40 փոքր ընկերություններից մեկը դառնում է խոշոր, ապա Հայաստանում դա 500-ից մեկն է։ Այդ խնդիրների գլխավոր մոտիվացիաներից մեկն ավելի բարենպաստ հարկային ռեժիմից դուրս չգալն է»,- ասաց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ էկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ստեղծեն մեխանիզմ, որը փոքր և միջին ձեռնարկատիրությունների հարկային ռեժիմը չի դարձնի կոմֆորտ զոնա։
Նշենք, որ այն միկրոձեռնարկատերերը, որոնք տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, ներկայումս ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, շրջանառության հարկ վճարելուց, ինչպես նաև եկամտային հարկից։
Քննարկվում է միկրոձեռնարկատերերին տրված եկամտային հարկի արտոնությունը վերացնելը։
Մանրամասները՝ տեսանյութում