Շինծու քրեական գործով կալանավորված Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ

«Արդեն 2.5-3 տարի է՝ ինձ համար խոսել ապօրինի կալանավորման մասին՝ տեղին չէ, որովհետև մենք ապրում ենք ազգային աղետ, երբ մեր հայրենիքը պարզապես վաճառվել է, մեր տղաները մսաղաց են ուղարկվել ինչ-որ մեկի ֆինանսական բարեկեցությունն ապահովելու համար: Այս ամենի ֆոնին մնացած խնդիրները, անգամ՝ մարդու անազատությունը խնդիր չեն, բայց պայքարը պետք է շարունակվի: Արմեն Աշոտյանի գործն այդ պայքարի հանգրվաններից է: Միշտ պետք է պատռել սրիկաների դիմակը, ասել ճշմարտությունը: Դա ամենահզոր զենքն է, որը կարող է տապալել ցանկացած հակահիգիենիկ իշխանություն, որը մենք ունենք Հայաստանում»,- այսօր «Հենարան» ակումբում տված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական ուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, արդեն մեկ ամսից ավելի շինծու քրեական գործով կալանավորված Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անդամ Տիգրան Աթանեսյանը:

Վերջինս նկատեց՝ Արմեն Աշոտյանի քրեական գործն այնպիսի նոնսենս է, որ միայն խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել:

«Արմեն Աշոտյանին մեղադրում են լիազորություններ չարաշահելու, վատնում և փողերի լվացում կազմակերպելու մեջ: Պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու համար, որ վատնում՝ նշանակում է գույքի անվերադարձ կորուստ, փողերի լվացման դեպքում պետք է լինի հանցավոր ծագում ունեցող փող, որը դու այլակերպում ես ու մի օր այդ փողն ունենում օրինական տեսքով, իսկ լիազորությունների չարաշահման պարագայում դու դուրս ես գալիս քո լիազորությունների սահմաններից, ինչ-որ մի ապօրինի հանձնարարություն ես տալիս մարդկանց»,- Արմեն Աշոտյանին վերագրվող արարքների բովանդակությունը նկարագրեց Տիգրան Աթանեսյանը:

Հաջորդիվ վերջինս ներկայացրեց Արմեն Աշոտյանի գործի հանգամանքները՝ կապված ԵրՊԲՀ արհկոմի կողմից գնված անշարժ գույքի հետ, որը մինչ այժմ պատկանում է այն ձեռք բերող սուբյեկտներին և արժե 2.5 անգամ ավելի, քան գնելու պահին:

Կարդացեք նաև

«Հիմա, եթե սա վատնում է ու փողերի լվացում, սա իրավաբանական դեպք չէ, այլ հոգեբուժական: Այս գործը քննվել է 4 տարի: ԱԱԾ-ն ու Հակակոռուպցիոն կոմիտեն, մանրամասն քննելով, ոչինչ չգտան, և գործը գնում էր կարճման: Հանկարծ Արգիշտի Քյարամյանին հանձնարարում են վերցնել գործը, Արմեն Աշոտյանին մեղադրանք են առաջադրում: Վանո Սիրադեղյանի ժամանակ ավելի ազնիվ էին, երբ մարդու գրպանը «պլան» էին գցում կամ զենք: Սա դասական քաղաքական հետապնդում է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Արմեն Աշոտյանին ոչ թե նախկին «մեղքերի» համար են կալանավորել, այլ ընդամենը խոսքի համար. սա նիկոլական Հայաստանում նոր տեսակի քաղբանտարկյալի օրինակ է:

«Արմեն Աշոտյանը միակն էր, որ ըստ բաղադրամասերի՝ մանրամասն վեր էր լուծում, այն, ինչ սրանք կոչում են արտաքին քաղաքականություն, և չկա այս իշխանության մեջ մի ինտելեկտուալ մարդ, որ հակադարձեր Արմեն Աշոտյանին: Քանի որ տգետ են ու չգիտեն, որ երբ իշխանությունը վերջանում է, վերջն ինչ է լինում, իրենց իշխանությունից հղփացած, անում են իրենց անելիքը՝ Աշոտյանին զրկելով նաև ընտանիքի, իր երեխաների հետ շփվելու հնարավորությունից»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նա նշեց նաև, որ Արմեն Աշոտյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մասին հայտարարում են ոչ միայն փաստաբանական ու քաղաքական թիմերը, ընկերները, այլև Եվրոպայում իշխող կուսակցությունը, եվրոպական կառույցները, սոցիոլոգիական հարցումները:

«Քաղաքական բանտարկյալի պաշտպանությունը բավականին բարդ պրոցես է. այստեղ իրավաբանություն չկա: Պետք է այս պայքարում օգտագործել օրենքով տրվող բոլոր գործիքները: Բոլոր բողոքները, միջնորդությունները, բացարկները, որ պետք է ներկայացնել, ինքնանպատակ չեն: Դրանք բոլորը ճիշտ են, և կգա ժամանակը, երբ որպես ական՝ կպայթեն այս իշխանությունների տակ»,- ասաց Արմեն Աշոտյանի պաշտպանը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ հակակռուպցիոն դատարանի դատավոր, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ քավոր-սանիկական հարաբերությամբ կապված, Արմեն Աշոտյանի կալանավորման դեմ բերված բողոքը մերժած Արթուր Նահապետյանին, Տիգրան Աթանեսյանն ասաց՝ վստահ է՝ այդ դատարանի ցանկացած դատավոր նույն որոշումը կկայացներ:

«Հակակոռուպցիոն դատարանների բուրգը «Ստալինյան տրոյկաներն» են: Դրանք Նիկոլին սպասարկելու դատարաններ են: Մեր օրենսդրությունն արգելում է հակակոռուպցիոն դատարաններին՝ քննելու կալանքի գործեր, բայց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը որոշեց, որ Նոր տարուց հետո Հակակոռուպցիոն դատարանը կարող է քննել կալանքներ: Մեր դատավորները, իմանալով, որ իրենք իրավունք չունեն կալանքի գործեր քննել, մարդ են կալանավորում»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ Արմեն Աշոտյանի գործով ինքն արդեն մի գանգատ ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ). Խոսքը գնում է նրա ելքը երկրից ապօրինի փակելու մասին: ՄԻԵԴ կուղարկվեն նաև այս գործով այլ գանգատներ:

«Ստորագրահավաքը ճիշտ քայլ էր: Հավատացե՛ք՝ գալու է օրը, որ փորձելու են ասել՝ Աշոտյանը քաղբանտարկյալ չէր, և դրանց դեմն առնելու համար այդ գործընթացը ճիշտ էր»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նա նշեց նաև, որ Արմեն Աշոտյանի տրամադրությունը մարտական է, և սա, ցավոք, այն ճանապարհն է, որ պետք է անցնի քաղաքական գործիչը, ու իր պաշտպանյալն այդ ճանապարհը կանցնի պատվով:

«Հայաստանում, բացի Ավետիք Իշխանյանից, չկա իրավապաշտպան, բայց նա միայնակ ոչինչ չի կարող անել: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, շատ նորմալ է, որ նրանք մեզ չեն հարգում, եթե մեր ղեկավարը Նիկոլն է: Մեզ մենք չենք հարգում, միջազգային կառույցներն ինչո՞ւ պիտի հարգեն»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Պատասխանելով ՔԿ-ի հրապարակած ձայնագրության վերաբերյալ հարցին՝ Տիգրան Աթանեսյանն ասաց՝ դա արտաքին ու ներքին դիտումների արդյունք է:

«Ես դատարանում պահանջեցի դատարանի որոշում, որով թույլ է տրվել այս գործողությունները: Քննիչը շատ հախուռն հրաժարվեց: Ես վստահ եմ՝ իրենք չունեն այդ որոշումը: Ձայնագրության մեջ եղած մարդիկ Արմեն Աշոտյանին մտերիմ մարդիկ են»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս