«Հանցագործության մասին հաղորդման ընթացքը նույնիսկ 1990-ականներին այսպես չէր «լուծվում», սա ծաղր է օրենքի, իրավաբանության նկատմամբ». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն է՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային» նախագահ ընտրելու կապակցությամբ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հանրորեն վտանգավոր գործողությունների կապակցությամբ իմ կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին փոստային հաղորդմանը։
Հարգելի գործընկերնե’ր, ի՞նչ կապ ունի իմ հաղորդումը սույն պատասխանի հետ, առավել ևս, երբ նույնիսկ դրա բովանդակությունը կազմող գործողությունը չի բխում դատախազության սահմանադրական լիազորություններից։
Հանցագործության մասին հաղորդման ընթացքը նույնիսկ 1990-ականներին այսպես չէր «լուծվում», սա ծաղր է օրենքի, իրավաբանության նկատմամբ, ինչից նաև հիմնավոր տպավորություն է ձևավորվում, որ Կարեն Անդրեասյանը իսկապես կատարել է ԶԼՄ-ներում իրեն վերագրվող արարքները, իսկ դատախազությունը արդեն 40 օր դեռ տեղեկատվության «ստուգմանն» է սպասում։
Ավելորդ չեմ համարում գործընկերներիս հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի պատշաճ հաղորդումը քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն է առաջացնում, իսկ հակառակ պարագայում՝ նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթ չի նախաձեռնվում, ինչի մասին անհապաղ գրավոր տեղեկացվում է հաղորդում ներկայացրած անձը, ում պարզաբանվում է քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները»։