
Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում. Դավիթ Շահնազարյան. aravot.am

«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը եւ նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Այդ ծրագիր-ճանապարհային քարտեզն, ըստ մեր զրուցակցի, նախատեսում է ինտեգրման գործակցի չորս փուլ.
1. Փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով,
2. ԼՂ-ում Ադրբեջանական մանաթի ներդրում,
3. Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափում եւ կազմալուծում,
4. Իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը։
Ծրագրի այլ մանրամասներ Դավիթ Շահնազարյանը չցանկացավ ներկայացնել:
Նա նաեւ հայտարարեց, որ այդ ծրագիր-ճանապարհային քարտեզի գործողության համար նախատեսված է ժամկետ՝ 12 ամիս. 3 ամիս յուրաքանչյուր փուլի համար:
Հարցին՝ Հայաստանի իշխանությունները տեղյա՞կ են այս ծրագրի մասին, Դավիթ Շահնազարյանը պատասխանել է.
«Ըստ իմ տեղեկությունների, Ադրբեջանի իշխանությունները այս ծրագիրը փոխանցել են ՀՀ իշխանություններին: Նաեւ տեղյակ եմ, որ ՀՀ իշխանություններն այս փաստաթուղթը պետք է փոխանցեն Արցախի Հանրապետության իշխանություններին: Հուսով եմ, ՀՀ իշխանությունները կհայտարարեն, որ նման փաստաթուղթ չեն ստացել եւ ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեն նման փաստաթղթի մասին»: