«Ավինյանն ընդդեմ «168 ժամի» և Դավիթ Սարգսյանի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր տեղի է ունենում «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Հիեցնենք՝ 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:
Տեսանյութը վերնագրված էր՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով:
Ավելին, Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 միլիոն դրամի չափով դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն էր գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի անշարժ գույքի վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը՝ մերժելով շարժական գույքի և դրամական հաշիվների վրա կալանք դնելու միջնորդությունը:
Այդպիսով, ընդհանուր առմամբ՝ Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի ու «168 Ժամի» գույքերի ու հաշվի վրա:
Այս մինչ օրս նախադեպը չունեցող խայտառակությունը դատապարտեցին բոլորը՝ քաղաքական-հասարակական գործիչներ, տեղական և միջազգային լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ):
Բարձրացված աղմուկից հետո Տիգրան Ավինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցով:
Նախնական դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը ներկայացրեց հայցի բովանդակությունն ու իրենց դրամական պահանջները:
Հաջորդիվ Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ճշգրտումներ կատարեց հրապարակման առանձին հատվածների վերաբերյալ՝ դիտարկո՞ւմ են այս կամ այն հատվածը որպես վիրավորանք կամ զրպարտություն:
Իր դիտարկումները հայցի վերաբերյալ ներկայացրեց նաև «168 ժամի» ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը: Վերջինս հարցեր ուներ հայցի առարկայի որոշակիության հետ կապված:
«Ինձ համար հստակ պետք է լինի՝ որն է վիրավորանք, և որը՝ զրպարտություն»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Դատավորի հարցին՝ չի՞ ցանկանում արդյոք Ավինյանի ներկայացուցիչը հստակեցնել խնդիրը, Հարություն Հարությունյանը պատասխանեց՝ չի ցանկանում: Վերջինս նաև, ի պատասխան Արամազդ Կիվիրյանի հարցի, ասաց՝ այս վարույթով արտադատական կարգ չի սպառել, «168 ժամին» չի դիմել հերքման պահանջով:
Լրագրող, պատասխանող Դավիթ Սարգսյանին հետաքրքիր էր՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը դիստանցավորվում է իր վստահորդից:
«Այո, իհարկե, չեմ ուզում նույնանալ»,- ասաց Հարություն Հարությունյանը:
Որոշակի ընթացակարգային հարցերի քննարկումից հետո դատարանն առաջարկեց դատական նիստը ընդհատել, քանի որ Տիգրան Ավինյանը և նրա ներկայացուցիչը չէին ստացել թե՛ Դավիթ Սարգսյանի, և թե՛ «168 ժամի» պատասխանները՝ որպես պատասխանողներ: Դատարանը նշեց, որ կողմը, տվյալ դեպքում՝ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը, պետք է ծանոթանա պատասխանող կողմի պատասխաններին հայցադիմումի վերաբերյալ:
Հայտարարվեց մի քանի րոպե ընդմիջում տեխնիկական հարցեր քննարկելու համար: Ընդմիջումից հետո թե՛Արամազդ Կիվիրյանը, և թե՛ Արամ Օրբելյանն ասացին՝ չեն առարկում նիստը հետաձգելու դեմ, բայց ցանկանում են, որ մինչ քաղաքապետի ընտրություններ մեկ դատական նիստ այնուամենայնիվ, նշանակվի: Դատարանն այս առիթով ինքն էլ մի քանի րոպե ընդմիջում հայտարարեց՝ դատարանի աշխատանքային գրաֆիկը հասկանալու համար:
Ընդմիջումից հետո դատարանը որոշեց ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:45-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: