ՊԵԿ-ը խեղաթյուրում է իրականությունը
Օրերս Պետեկամուտների կոմիտեն, առաջին տպավորությամբ անմեղ թվացող, մի այսպիսի հայտարարությունն էր տարածել՝ պետական բյուջեի առաջին կիսամյակի հարկային եկամուտների վերաբերյալ։
«2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 103,9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 216,7 մլրդ դրամով կամ 24,4 տոկոսով, իսկ 2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 353,7 մլրդ դրամով կամ 47,1 տոկոսով (ցուցանիշում ներառված չեն պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարվող պետական տուրքի գումարները):
2022թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ապահովվել է 887,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021թ. նույն ժամանակահատվածում՝ 750,2 մլրդ դրամ»,- հայտարարել էր Պետեկամուտների կոմիտեն:
Առաջին հայացքից սովորական թվացող հայտարարություն է՝ բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ։ Բայց այդպես է միայն առաջին հայացքից։
Սա իրականության ակնհայտ աղճատում է ու բացահայտ խեղաթյուրում՝ հասարակությանը մոլորեցնելու փորձ։ ՊԵԿ-ը խայտառակ խորամանկության է դիմել՝ հարկային եկամուտների բարձր աճեր ցույց տալու համար։
Բայց մինչ դրան անդրադառնալը՝ բացենք Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական էջը, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։
Հարկային վիճակագրության բաժնում տեղադրված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ անցած տարվա հունվար-հունիսին բյուջեի հարկային եկամուտները կազմել են 927 մլրդ 899 մլն դրամ և ոչ թե 887,2 մլրդ դրամ, ինչպես ներկայացված է հայտարարության մեջ և ինչի նկատմամբ էլ կատարել են մյուս համեմատություններն ու ստացել, որ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդի համեմատ, հարկային եկամուտներն աճել են 216,7 մլրդ դրամով կամ 24,4 տոկոսով։
Ինչպես տեսնում ենք, հայտարարության մեջ անցած տարվա առաջին կիսամյակի հարկային եկամուտները 40,7 միլիարդով պակաս են ներկայացված։ Ըստ այդմ էլ ստացել են այն, ինչ ստացել են։
Իրականում հավաքված հարկային եկամուտներն ու պետտուրքերն ավելացել են ոչ թե 216,7 միլիարդ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, այլ շատ ավելի քիչ՝ 176 մլրդ դրամով։ Աճն էլ ոչ թե՝ 24,4, այլ՝ 18,9 տոկոս է։
Հիմա պարզաբանենք, թե ինչ են արել։
Միտումնավոր նվազեցրել են նախորդ տարվա առաջին կիսամյակի հարկային եկամուտների ցուցանիշները։ Այդ ցուցանիշներից հանել են «պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի» արտահանման գծով անցած տարի վճարված պետական տուրքի գումարները։
Խոսքը քաղաքական նպատակահարմարություններով ժամանակին ներդրված՝ մետաղների արտահանման տուրքի մասին է։
Անցած տարի մետաղների արտահանման տուրքի հաշվին մեծ գումարներ էին մուտքագրվում բյուջե՝ էական ազդեցություն թողնելով բյուջեի հարկային եկամուտների վրա։ Այն ժամանակ հարկային եկամուտների արձանագրվող աճերը ներկայացնելիս, այդ գումարները չէին հանում ցուցանիշներից՝ նախորդ տարվա հետ համադրելիություն ստեղծելու համար։
Այս տարի, երբ արտահանման տուրքն այլևս չի գործում, որոշել են հանել, նոր համեմատություններ անցկացնել, որպեսզի աննախադեպ աճերի տպավորություն ստեղծեն։
Նախկինում երբևէ, որևէ մեկի մտքով չի անցել այդպես աղճատել ու խեղաթյուրել բյուջեի եկամուտների վերաբերյալ ցուցանիշները։ Բայց այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Զարմանալի ոչինչ չկա։ Ամբողջ պետական կառավարման համակարգն է այդ սկզբունքով աշխատում։
Փաստն այն է, որ պաշտոնապես անցած տարվա առաջին կիսամյակում բյուջեի հարկային եկամուտները կազմել էին շուրջ 927,9 մլրդ դրամ՝ ներառյալ մետաղների արտահանման տուրքերը, այս տարի կազմել են 1 տրիլիոն 103,9 միլիարդ։ Եկամուտներն ավելացել են 176 մլրդ դրամով։
Սա է անցած ու այս տարվա հարկային եկամուտների տարբերությունը։
Եվ ոչ մի նշանակություն չունի, որ անցած տարի գործում էր մետաղների արտահանման տուրքը, այս տարի չի գործում։ Դա հիմք չի տալիս բյուջեի եկամուտներն այսպիսի աղճատված ձևով ներկայացնել։ Անցած տարի էլի շատ բաներ այլ կերպ էին գործում, քան գործում են այս տարի։ Նույն տրամաբանությամբ, այս տարվա հարկերից էլ պիտի հանեին օրենսդրական մյուս փոփոխությունների ազդեցությունները, որոնք նախկինում չէին գործում։
Ասենք՝ ենթաակցիզային մի շարք ապրանքների ակցիզային հարկի բարձրացումները կամ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի վճարի դրույքաչափի ավելացումը։ Ժամանակին, երբ կտրուկ բարձրացվեցին զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի վճարները, ՊԵԿ-ի մտքով ոչ մի անգամ չանցավ հարկային եկամուտների դինամիկան ներկայացնել առանց դրա ազդեցության։ Թեև այս և այլ փոփոխությունների ազդեցությունները բյուջեի եկամուտների վրա պակաս փոքր չեն եղել։
Այս տարվա բյուջեի եկամուտների վրա օրենսդրության այլ փոփոխությունների ազդեցությունները ՊԵԿ-ում միտումնավոր շրջանցել են։ Փոխարենը՝ հանել են անցած տարի մետաղների արտահանումից ստացված գումարները՝ նոր այս տարվա հարկային եկամուտները համեմատել նախորդ տարվա հետ։
Սա հասարակությանը մոլորեցնելու և իրավիճակը խեղաթյուրելու ակնհայտ փորձ է։
Բյուջեի հարկային եկամուտների փոփոխություններն ընդունված է ներկայացնել այնպես, ինչպես կա, և ոչ թե ընտրողաբար, ինչպես արել են ՊԵԿ-ում։
Հարկերի հավաքագրումներն այս տարի, իհարկե, ավելացել են, բայց հիմնականում ի հաշիվ ներմուծում-արտահանումների և անցած տարի բանկային համակարգում ու մի շարք այլ ոլորտներում, արտաքին գործոններով պայմանավորված՝ ձևավորված մեծ շահույթների ու վճարված շահութահարկի։
Ի դեպ, այդ գործոնների ազդեցությունը հարկային եկամուտներում գնալով կարծես թուլանում է։
Հունիսին նկատվել է մուտքերի աճի տեմպի դանդաղում։ Դատելով ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից՝ այդ ամսին հավաքվել է 191,7 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվանից ավելի է 25,6 միլիարդով։ Աճը գրեթե 15,5 տոկոս է։
Մինչդեռ՝ մայիսին, նախորդ մայիսի համեմատ, հարկային եկամուտներն ավելացել էին՝ 18,5, իսկ ապրիլին՝ ավելի քան 28 տոկոսով։ Աճը շարունակում է բարձր մնալ, բայց դինամիկայի նվազումն ակնհայտ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ