Բաժիններ՝

Ստեղծվել է ոչ թե Էթիկայի հանձնաժողով, այլ նախարարի «սրտի» հանձնաժողով, որի «հովանավորն է» նախարարի տեղակալը. Անուշ Պողոսյան

Առողջապահության փոձագետ, «Առողջության իրավունք» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար 19.05.2023 թվականին հայտարարված մրցույթի ու դրա արդյունքների մասին:

«Հարգելի բուժաշխատողներ և բուժառուներ

Օրենքի պահանջով առողջապահության նախարարության կողմից Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար 19.05.2023 թվականին հայտարարվել էր մրցույթ: Հաշվի առնելով ստեղծվող Էթիկայի հանձնաժողովի կարևորությունը և չունենալով ոչ մի հնարավորություն մրցույթի ընթացակարգին հետևելու, որոշեցի մասնակցել մրցույթին:

Հիմա ամենակարևորի մասին:

Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար մրցույթը անցկացվեց օրենսդրական կոպիտ խախտումներով՝ մրցույթը կազմակերպելիս հաշվի չէր առնվել մասնակիցների թիվը, խախտվել է Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, Էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին Առողջապահության նախարարի 75 Ն հրամանի բազմաթիվ կետեր, մասնակիցները զրկված են եղել բողոքարկման հնարավորությունից:

Այսպիսով, ստեղծվել է ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ Առողջապահության նախարարի «սրտի» Էթիկայի հանձնաժողով, որի «հովանավորն է» Առողջապահության նախարարի տեղակալը:

Խախտումների և ուղորդումների մասին պաշտոնական գրություններ եմ պատրաստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ին և ՀՀ Կառավարություն, որից հետո մանրամասներ կհայտնեմ ասուլիսի ժամանակ:

Հ.Գ. Հարգելի բուժաշխատողներ և բուժառուներ, ձեր մասնագիտական էթիկայի իրավունքները և խախտումները քննվելու է մի հանձնաժողովի կողմից, որը արդեն իսկ ծուռ հայելիների տիրույթում է…»,- գրել է Անուշ Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս