«Զավեշտ է՝ ՔՊ-ն կարող էր Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնել՝ հիմնավորելով, որ դուր չի գալիս նրա բասանոժկայի կապույտ բմբուլը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին գրությամբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ էր ուղարկել:
Որոշման նախագծի հիմնական զեկուցողն էր Հովիկ Աղազարյանը:
Իր որոշման հիմնավորման մեջ ՔՊ-ն նշել էր, որ «Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները»:
Ըստ ՔՊ-ի՝ «դա հանգեցրել է նրան, որ հանձնաժողովն ԱԺ խորհրդի 46 նիստից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այդպիսով զրկված լինելով մասնակցելու ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորմանը»՝ «այդպիսով խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն գործունեությանը»:
168.am-ի հետ զրույցում «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՔՊ-ի հիմնավորումը բնորոշեց՝ որպես զավեշտ։
«Կարդացի ՔՊ-ի այդ հիմնավորումը, պարզապես զավեշտ է։ ՔՊ-ն նույն կերպ կարող էր, օրինակ, Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնել հիմնավորմամբ, որ իրեն դուր չի գալիս նրա կապույտ բասանոժկան կամ բասանոժկայի վրա կապույտ բմբուլը։
2020 թվականի խայտառակ պարտությունից հետո ՔՊ-ն ինձ մոտ բանագնացներ էր ուղարկում՝ տարբեր պաշտոններ խոստանալով, նույնիսկ ասում էին, որ ՔՊ-ից ցանկացածի կարող եմ քացու տակ գցել, միայն՝ ոչ Նիկոլ Փաշինյանին, իհարկե, ես նրանց հետո գործարքի չգնացի, ինչից հետո դեկտեմբերի 29-ին նախագիծ բերեցին հանձնաժողովի նախագահի իմ լիազորությունները դադարեցնելու մասին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իր լիազորությունները դադարեցնելու քվեարկության ժամանակ 3 հոգի էին դեմ քվեարկել, և ՔՊ-ականները՝ 20 հոգով հերթով առանձին մոտենում էին իրեն ու ասում, որ իրենք դեմ են քվեարկել։ Տեղյակ է եղել, որ քվեարկության արդյունքները ՔՊ-ականները պետք է նկարեն ու առանձին-առանձին ուղարկեն խմբակցության այն ժամանակվա քարտուղար Հակոբ Սիմիդյանին։
Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Թագուհի Թովմասյանը պետք է հանձնաժողովի նախագահի իր մանդատը վայր դներ այն ժամանակ, երբ ընդդիմադիր որոշ պատգամավորներ հրաժարվեցին հանձնաժողովի նախագահի ու ԱԺ փոխնախագահի լիազորություններից։
«Թագուհի Թովմասյանը՝ ըստ իս, միակ լավ նիստը, որ վարել է՝ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի մասնակցությամբ նիստն էր, որի համար էլ ՔՊ-ն որոշեց նրան հեռացնել։ Սա Նիկոլ Փաշինյանի դեմոկրատիայի բաստիոն հռչակած երկրում է տեղի ունենում»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։