ՔՊ-ն Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ է շրջանառում
ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պաշտոնական կայքից այսօր տեղեկանում ենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին գրությամբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ուղարկել:
Գրությանը կցվել է «ՔՊ» խմբակցության՝ սույն որոշման նախագիծն ԱԺ քննարկմանը ներկայացնելու մասին որոշումը, ԱԺ որոշման նախագիծը, դրա ընդունման հիմնավորումը: Ազգային ժողովի որոշման նախագծի հիմնական զեկուցողն է Հովիկ Աղազարյանը:
Իր որոշման հիմնավորման մեջ ՔՊ-ն, նշելով, որ ինչ կուզեն՝ կանեն, և օրենքը առանձին հիմքեր չի պահանջում Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար, այնուամենայնիվ, հարկ է համարել նշել, որ «Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները»:
Ըստ ՔՊ-ի՝ «դա հանգեցրել է նրան, որ հանձնաժողովն ԱԺ խորհրդի 46 նիստից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այդպիսով զրկված լինելով մասնակցելու ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորմանը»՝ «այդպիսով խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն գործունեությանը»:
«Հարկ է նաև նշել, որ Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը»,- նշված էր ՔՊ-ականների «հիմնավորման մեջ»:
Խոսքը, թերևս, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հանձնաժողովի խայտառակ նիստի մասին է, երբ ՔՊ-ականները գրեթե ողջ խմբակցությամբ հատուկ եկել էին Էդգար Ղազարյանին սադրելու, և որի ընթացքում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու այլ ՔՊ-ականներ խուլիգանական վարքագիծ դրսևորեցին:
Եվ թեպետ Թագուհի Թովմասյանն այդ անօրինակ լարված ու ոչ միանշանակ իրավիճակում իրեն պահեց խիստ հավասարակշռված, հիմա փաստորեն պատժում են նրան՝ ըստ երևույթին նիստն արևելյան շուկայի չվերածելու համար, ինչն իրենց առաջնային նպատակն էր: