«Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, սա փաստ է, և որևէ մեկը հակառակում չի կարող համոզել».  Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումն ակնհայտ քաղաքական նպատակներ է հետապնդում։

«Պետք է արձանագրենք, որ Արմեն Աշոտյանն ընդդիմության այն քաղաքական լիդերներից է, որը շատ կոշտ, բայց միշտ հիմնավոր ու փաստարկված քննադատում էր գործող իշխանության քայլերը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Հատկապես այն խնդիրներում, որոնք ուղղակիորեն առնչություն ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգությանը։

Եթե իրավական առումով փորձենք վերլուծել այն հիմնավորումը, որով կալանավորեցին Աշոտյանին, ապա ակնհայտ է դառնում, որ այդ ամենը շատ մակերեսային է, ոչ համոզիչ, և ավելի շատ անթաքույց այդ ամենը հետապնդում է քաղաքական նպատակներ։ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, սա փաստ է, և որևէ մեկը հակառակում չի կարող համոզել»,- այս մասին 168.am հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ պետք է ենթադրել, որ հավանաբար գործող իշխանությունները որոշում են նախապատրաստել Հայաստանի ու Արցախի անվտանգության ոլորտի վերաբերյալ և  ինչ-որ քայլ են անելու, և Արմեն Աշոտյանի՝ ազատության մեջ լինելու հանգամանքը կարող է ակնհայտորեն խանգարել, քանի որ Արմեն Աշոտյանը կարող էր ընդդիմադիր հատվածի ուժերը մոբիլիզացնելու դերակատարում ունենալ։

Կարդացեք նաև

«Հետևաբար՝ Արմեն Աշոտյանի կալանավորումը քաղաքական նպատակներ է հետապնդում օրվա իշխանության կողմից։

Ինչ վերաբերում է այդ պայմաններում դատական համակարգին, ապա բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ իրավապահ համակարգը, այդ թվում՝ դատական համակարգը կարող է անաչառ լինել։ Ընդ որում, հանրության ընդդիմադիր հատվածը նույնպես այդ կարծիքին է։ Այսօր ամբողջ դատական համակարգը, իհարկե, առանձին բացառություններով,  ուղղակիորեն գտնվում է գործադիր իշխանության ճնշման և ազդեցության տակ։ Այսինքն՝ մեր երկրում իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքը, որ տարբեր երկրներում պետական իշխանության կազմավորման առանցքային դրույթն է, և իշխանությունների հակակշռման սկզբունքում այդ ակնհայտ համակարգում առանձնահատուկ դերակատարում է վերապահված դատական իշխանությանը, որը մեր երկրում չի գործում, որքան էլ այլ երկրների դեսպաններ այլ բաներ ասեն։ Հետևաբար՝ հուսալ, թե դատական համակարգը կարող է անաչառ լինել՝ հարցի վերաբերյալ խիստ վերապահումներով կարտահայտվեի»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս