Նիկոլն ու Իլհամը 4 ձեռքով՝ в четыре руки, փորձում են նվագել հայ ժողովրդի Ռեքվիեմը… քանի դեռ այդ դուետից մեկի ձեռքերը մենք չենք կոտրել. Արմեն Աշոտյանը՝ կալանավայրից
Մասը 4-ը՝ այստեղ.
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) հերթական հոդվածն է ուղարկել, որը հրապարակում ենք ստորև.
Շիկահողի մերձակայքում ծառայակիցներին հաց տանելու ընթացքում առևանգված երկու հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը կրկին թարմացրին հայ ռազմագերիների ճակատագրի վերքը:
Քանիցս ապացուցել եմ, որ մեր տղաները տանջվում են Բաքվի, Սումգայիթի և այլ ադրբեջանական բանտերում Ալիև-Նիկոլ համատեղ գործողությունների արդյունքում: Նույն սինխրոնիզացված, համաձայնեցված, մի տեղից սնվող և նույն նպատակին ծառայող օպերացիայի մի մասն էլ Փաշինյանի և Ալիևի կողմից Հայաստանի բանտերում իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց գոյությունն է:
Բոլորովին չհավակնելով ամբողջությամբ նույնականացնել ռազմագերիների և քաղբանտարկյալների հարցերը՝ միասին բացահայտենք երկու պրոցեսներին առաջին հայացքից զարմանալիորեն բնորոշ մի շարք հանգամանքներ.
- Թե՛ ռազմագերիները, թե՛ քաղբանտարկյալները հայտնվել են անազատության մեջ հանուն Հայաստանի Հանրապետության իրենց պարտքը կատարելու համար. առաջինները՝ ռազմադաշտում, վերջինները՝ հասարակաքաղաքական կյանքում:
- Երկու կատեգորիաների դեպքում էլ հանդուգն ձևով ոտնահարվում են մարդկանց իրավունքների և ազատությունների հիմնական, այդ թվում՝ միջազգային իրավական ակտերը: Ադրբեջանն առ այսօր պահում է հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս միջազգային հումանիտար իրավունքի և Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իսկ Նիկոլը՝ բռնաբարելով Հայաստանի Սահմանադրությունը:
- Երկուսի դեպքում էլ ողջ իրավական գործընթացը ֆիկցիա է, ծաղրանք արդարադատության և օրենքների նկատմամբ, ներառյալ՝ խամաճիկային, գրպանային դատարանները:
- Թե՛ ռազմագերիներին, թե՛ քաղբանտարկյալներին պատանդ են պահում համապատասխան ճնշումներ գործադրելու համար: Մեր ռազմագերիներով փորձում են ճնշել Հայաստանին՝ իր շահերից հրաժարվելու համար, իսկ քաղբանտարկյալներով փորձում են լռեցնել հենց այդ շահերի պաշտպանության համար պայքարող ուժերին և շրջանակներին:
- Երկուսի դեպքում էլ միջազգային կառույցներն առ այսօր հրաժարվում են էֆեկտիվ ճնշումներ գործադրել Ալիևի և Նիկոլի վրա 21-րդ դարում նման թրաֆիքինգը կանխելու համար՝ բավարարվելով անալի կոչերով և անդեմ հայտարարություններով:
- Եվ վերջին… Նիկոլի և Ալիևի ձեռագրերի զարմանահրաշ նմանությունը. Երկուսն էլ հերքում են նման կալանավորումների առկայությունը լկտիաբար և անպատիժ: Ադրբեջանը պաշտոնական մակարդակով չի ընդունում հայ ռազմագերիների գոյությունը՝ անվանելով նրանց «ահաբեկիչներ», իսկ փաշինյանական ոհմակը գալարակծկումների մեջ է ընկնում քաղբանտարկյալներ բառից՝ անվանելով նրանց օրինախախտներ:
Այս խնդիրը Փաշինյան-Ալիև համատեղ խաղի ընդամենը մի դրվագն է, և նրանք համատեղ են գործում, շատ ավելի լայն ասպեկտով՝ գեոպոլիտիկ խաղերից մինչև Արցախի կործանում, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուց մինչև հայ ժողովրդի ինքնուրույն ոչնչացում:
Նիկոլն ու Իլհամը 4 ձեռքով՝ в четыре руки, փորձում են նվագել հայ ժողովրդի Ռեքվիեմը: Եվ դա կանեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ դուետից մեկի ձեռքերը մենք չենք կոտրել:
շարունակությունը՝ այստեղ.
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
08.07.2023թ.