Բաժիններ՝

Հայաստանում AI-code battle նորարարական գաղափարների մրցույթ կանցկացվի

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարվել է նոր մրցույթ՝ AI-code battle-ը։ Յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 500 հազար դրամ է։ Վերջնաժամկետը հուլիսի 31-ն է, դիմել հնարավոր է այստեղ։

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը և կարողությունները։ Մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ։

Մրցույթին կարող են մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացված ցանկացած դասընթացին մասնակցած կամ վերջիններիս ներգրավմամբ (առնվազն 1 հոգի) թիմ կազմած երիտասարդները։

Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների, սովորելու՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում, ինչպես նաև մշակելու հետաքրքիր նախագծեր / դեմո տարբերակներ ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության և այլ ոլորտներում կիրառության համար։

Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույններին՝ հետևյալ 3 անվանակարգերում՝ ստեղծարար, լայնածավալ և արդյունավետ կիրառություններ։

Մրցույթ իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս