Բաժիններ՝

Հայաստանում հեռավար աշխատանքն այսուհետ կկարգավորվի օրենքով

Հայաստանում հեռավար աշխատանքին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը միանշանակ կարելի է դրական գնահատել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ մերօրյա փոփոխվող և շատ արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է հնարավորինս շուտ հարմարվել փոփոխվող միջավայրին, որովհետև եթե չկան հեռավար մեթոդով աշխատողներին առնչվող կարգավորումներ, ապա այդ հանգամանքը հարուցում է բազմաթիվ խնդիրներ։ Բացի դրանից, Հայաստանը մի շարք միջազգային պայմանագրերով ստանձնել է պարտավորություններ աշխատողների համար հնարավորինս հարմար պայմաններ ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աստղիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում հեռավար աշխատանքի մեթոդաբանությանն առնչվող օրենսդրական փոփոխություններին։

Հայաստանում հեռավար աշխատանքի կանոնները աշխատանքային օրենսգրքում ներդրվել են դեռ 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։ Ընդ որում՝ պետական աշխատողներին նույնպես տրվում է հեռավար կամ համակցված հեռավար աշխատանքի պայմանագիր կնքելու հնարավորություն։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից:

«Հեռավար աշխատանքի մեթոդն ավելի նպատակահարմար է կիրառել ՏՏ ոլորտում, որովհետև մոտ հիսուն տոկոսը բաժին է ընկնում ծրագրային ապահովման բնագավառին, երեսուն տոկոսը՝ ստեղծարար մուլտիմեդիա ոլորտին, իսկ նեղ մասնագիտական, թարգմանչական, գործավարական կամ նմանատիպ աշխատանքներին բաժին է ընկնում մոտ յոթ տոկոսը։ Հայաստանում հեռավար աշխատանք կատարողների 80 տոկոսը տղամարդիկ են, ինչը կախված է նաև այն հանգամանքից, որ հատկապես ծրագրային ապահովման ոլորտում գերակշռում են հենց արական սեռի ներկայացուցիչները, իսկ մարքեթինգի, վաճառքների, թարգմանչական աշխատանքների բնագավառներում գերակշռում են կանայք»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ հեռավար մեթոդով աշխատանքը տալիս է այն առավելությունը, որ աշխատողն ի վիճակի է ավելի ազատորեն տնօրինել իր ժամանակը, եթե չունի սահմանված վերջնաժամկետ։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել անվտանգության բաղադրիչը, որովհետև շատերն անզգուշության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են դառնալ կիբերհանցագործության զոհ։ Կարող է լինել նաև կարևոր տեղեկատվության արտահոսք։

Գործատուի պարագայում հիմնական խնդիրն այն է, որ աշխատողը որոշ չափով դառնում է անվերահսկելի, բայց մյուս կողմից էլ, եթե գործատուն ունի վարձակալած տարածք, որի համար կատարում է համապատասխան վճարումներ, ապա հեռավար մեթոդի դեպքում ծախսերը կրճատվում են։ Պետական ենթակառուցվածքների պարագայում հեռավար աշխատողների թավաքանակի աճի պարագայում զգալիորեն թեթևանում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, քանի որ մարդիկ հիմնականում աշխատում են տանից։

«Այդուհանդերձ, հիմնական թերությունն այն է, որ հեռավար աշխատանք կատարելու դեպքում ոչ բոլոր գործատուներն են պարտավորվում աշխատողին ապահովել համապատասխան գործիքներով կամ պարագաներով, ինչը կարող է խնդրահարույց լինել։ Եթե կիրառվում են տեխնիկական միջոցներ կամ տեխնոլոգիաներ, ապա դրանց խափանման դեպքում աշխատանքային հարաբերությունների կարգավորումը հստակ սահմանված չէ»,-նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հայաստանյան իրականությունը ցույց է տալիս, որ որոշ գործատուների պարագայում, երբ արձանագրվում են տեխնիկայի խափանման դեպքեր, երկու կողմի համար փոխշահավետ լուծում չի գտնվում, այսինքն՝ չկա փոխհատուցման մեխանիզմ, մամանավանդ եթե աշխատողն իր միջոցներով է կատարում աշխատանքը, այլ ոչ թե գործատուի տրամադրած միջոցներով։ Եթե աշխատողն աշխատանքը կատարում է իր հաշվին, ապա պետք է գործատուն համապատասխան կարգով և սահմանված դեպքերում փոխհատուցի առնվազն գործիքների ու պարագաների մաշվածությունը։ Ինչևէ, օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունավետությունն, ըստ տնտեսագետի, կերևա դրանց կիրառման դեպքում։

Համավարակից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանն անցկացրել է հետազոտություն, որի համաձայն՝ մեր երկրում հեռավար մեթոդից երկու տարի առաջ օգտվում էր ընդհանուր աշխատողների հինգ տոկոսը, բայց հիմա նրանց թվաքանակը զգալիորեն աճել է։ Միայն ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների թիվը 10000 է։ Հեռավար մեթոդով աշխատողների քանակն ավելացել է նաև Հայաստան ժամանած ռելոկանտների հաշվին։

Մանվել Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս