«Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա». Փաշինյանը՝ Ալիևին
Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նշեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվում է։
«Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Լեռնային Ղարաբաղը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից, ապրանքների մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, քանի որ Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես խափանված են Ադրբեջանի կողմից։ Միևնույն ժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում հատկապես Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։
«Չեն դադարում ՀՀ-ի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները, այն պայմաններում, երբ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի։ Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա։
Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառներն ամեն օր յուրաքանչյուր ոք կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Ըստ էության այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում։ Էթնիկ զտման այդ քաղաքականության մասն է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին։ Այս առումով Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի պաշտոնական ու հասարակական հարթակներում հնչում են պաշտոնական ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում