Սաուդյան Արաբիան երկարաձգում է օրական 1 միլիոն բարելով նավթի արդյունահանման կամավոր կրճատումը
Սաուդյան Արաբիան որոշում է ընդունել օգոստոսի համար երկարաձգել օրական 1 մլն բարելով նավթի արդյունահանման կամավոր կրճատումը, որն ի սկզբանե նախատեսված էր հուլիս ամսվա համար: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
Նշվում է, որ ըստ թագավորության էներգետիկայի նախարարության ներկայացուցչի՝ օգոստոսին, ինչպես և հուլիսին, Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալը, հաշվի առնելով կրճատումը, կկազմի օրական 9 մլն բարել։ Նաև հաղորդվում է, որ օրական 1 մլն բարելով կամավոր կրճատումն, ի հավելումն արտադրությունն օրական 500 հազար բարելով նվազեցնելու վերաբերյալ ավելի վաղ ընդունված որոշման, կարող է երկարաձգվել ավելի երկար ժամկետով։
Այսպիսով, օգոստոսին թագավորության կողմից արտադրության կրճատման ընդհանուր ծավալը կկազմի օրական 1,5 մլն բարել։
Հունիսի 4-ին Վիեննայում ՕՊԵԿ+-ի հանդիպումից հետո Սաուդյան Արաբիան հայտարարել էր հուլիսի համար նավթի արդյունահանման օրական 1 միլիոն բարելով կամավոր կրճատման մասին՝ միջոցի երկարաձգման հնարավորությամբ: Ինչպես հաղորդել է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության էներգետիկայի նախարարության ներկայացուցչին, հավելյալ կրճատումը նախազգուշական միջոց է, որն ուղղված է նավթի շուկայում կայունության և հավասարակշռության պահպանմանը։
Բացի այդ, մայիսին ՕՊԵԿ+-ի մի քանի երկրներ սկսել են կամավոր կրճատել նավթի արդյունահանումն օրական 1,66 մլն բարել ընդհանուր ծավալով․ Սաուդյան Արաբիային բաժին է ընկել օրական 500 հազար բարելով նվազեցումը: Սկզբնապես այս միջոցը պետք է գործեր մինչև 2023 թվականի վերջը։ Սակայն ՕՊԵԿ+-ի հանդիպմանը բոլոր երկրները, որոնք հավանություն են տվել կրճատմանը, երկարաձգել են դրա գործողությունը մինչև 2024 թվականի վերջը: