Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 15 բուժառու տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին հուլիսի 3-ին տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը:
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետպատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։