Հայաստանից դեպի ՌԴ կարգելվի ռազմական նշանակության ապրանքի արտահանումն ու տարանցումը

Դեռևս մայիսի 25-ին Հայաստանի Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոփոխություն կատարեց Հայաստանից արտահանվող և Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին օրենքում։ Ըստ այդ փոփոխության՝ ՀՀ Կառավարությունը մտցրեց արտահանման սահմանափակումներ Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների համար, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքով հսկվող ապրանքներ, այսինքն՝ կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Հայաստանի աուդիտորների միության նախագահ Նաիրի Սարգսյանն այս փոփոխություններին անդրադառնալով՝ ընդգծել էր, որ վերը նշված որոշումը նախապատրաստություն է՝ Ռուսաստանի պատժամիջոցներին միանալուն։

«Կարծես թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է միանալ Ռուսաստանի դեմ գործողություններին, որովհետև, եթե Ռուսաստանին չեն մատակարարում միկրոսխեմաներ և այլ պարագաներ, համաձայն Կառավարության ընդունած որոշման հավելվածի, ապա Ռուսաստանում անգամ համակարգիչների քանակը չի բավարարելու և աշխատանքը պարալիզացվելու է՝ նման ապրանքների պակասի պատճառով։ Բնական է, որ Ռուսաստանն իր ներքին պահանջարկը բավարարելու է այլ եղանակով. օրինակ՝ Թուրքիան ամենաշատ միկրոսխեմաներ արտահանող երկիրն է»,- նշել էր Սարգսյանը։

Այս որոշման ընդունումից մեկ ամիս անց Կառավարությունը հերթական սահմանափակող որոշումն է ընդունել, որով փոփոխություն է կատարվել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում։

Կարդացեք նաև

Կառավարության որոշմամբ՝ օրենքում կսահմանվի դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը կսահմանի Կառավարությունը։

Հարկ է նշել, որ եթե մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունից կարող էին նաև արտահանվել կամ տարանցիկ փոխադրվել ապրանքներ, որոնք չէին հանդիսանում երկակի նշանակության ապրանքներ, ապա Կառավարության այս որոշմամբ այսուհետև կարգելվի նաև այնպիսի ապրանքների արտահանումն ու տարանցումը, որոնք ձևափոխման արդյունքում կարող են դառնալ երկակի նշանակության. Օրինակ՝ չիպեր, միկրոէլեկտրոնիկա և այլն։

Կառավարության որոշմամբ՝ հսկվող ապրանքներ են համարվելու նաև այն ապրանքները, որոնք վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ուստի Ազգային ժողով է ուղարկվել օրենքի նախագիծ, որով Կառավարությունը վերահսկելու և  բացառելու է այն ապրանքների արտահանումն ու տարանցումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Տեսանյութեր

Լրահոս