Պալատական ինտրիգների արդյունքը՝ ԲԴԽ-ից՝ ուղիղ Վճռաբեկ

Հունիսի 26-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական court.am կայքում լրացուցիչ հայտարարություն հրապարակվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր հաստիքը համալրելու համար:

«2023 թվականի հունիսի 6-ին հրապարակված «Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր հաստիքը համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար,- մասնավորապես նշված էր այդ հայտարարության մեջ:

Սա նշանակում է՝ արդեն գտել ենք այն մարդուն, ով գնալու է Վճռաբեկ դատարանի քրեական պալատ, և նա Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանն է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը:

Դավիթ Խաչատուրյանի՝ Վճռաբեկ հասնելու ճանապարհը, 168.am-ի տեղեկություններով, անխոչընդոտ չի անցել, և լավ կյանքից չէ, որ վերջինս ԲԴԽ-ից երազում է օր առաջ ազատվել:

Կարդացեք նաև

Գաղտնիք չէ, որ Կարեն Անդրեասյանի՝ Ազգային ժողովի (ԱԺ) կողմից ԲԴԽ գործուղվելուց հետո Դավիթ Խաչատուրյանի հարաբերությունները բավականին լարված էին վերջինիս հետ, քանի որ Խաչատուրյանն ինքն էր հավակնում ԲԴԽ նախագահի պաշտոնին, կամ ԲԴԽ գալուց առաջ նրան այդ խոստումն էին տվել:

Մեր տեղեկություններով՝ Դավիթ Խաչատուրյանը թեպետ Կարեն Անդրեասյանին խոստացել էր, որ կքվեարկի վերջինիս՝ ԲԴԽ դառնալու օգտին, սակայն նրա թիկունքում հընթացս փորձել է իր կողմը քաշել ԲԴԽ անդամներին, որ քվեարկեն իր օգտին:

Չստացվեց, ու բացի դրանից էլ, Կարեն Անդրեասյանը տեղեկացել է Խաչատուրյանի պլանների մասին, և սկսվել է Դավիթ Խաչատուրյանի «ուրախ» կյանքը ԲԴԽ-ում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Դավիթ Խաչատուրյանը, բնականաբար, չէր կարող դա անհետևանք թողնել, ու թե ինչ է մտածում ինքը Կարեն Անդրեասյանի մասին, առանձնապես չի կաշկանդվել հանրայնացնել:

Այս իրավիճակը երկար շարունակվել չէր կարող, և Դավիթ Խաչատուրյանը սկսել է ջանքեր գործադրել իր՝ առավել պայծառ ապագան դասավորելու համար:

Չի բացառվում, որ Դավիթ Խաչատուրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանն է խնդրել Նիկոլ Փաշինյանին, որ Կարեն Անդրեասյանին հանձնարարի «տեղավորել» Դավիթ Խաչատուրյանին, թե չէ Անդրեասյանն իր կամքով երբեք չէր գնա դրան:

Տեսանյութեր

Լրահոս