Հացահատիկի գործարքի դադարեցման դեպքում ՌԴ-ն իր հաշվին հացահատիկ կմատակարարի ամենաաղքատ երկրներին. Լավրով
Ռուսաստանը կապահովի հացահատիկի մատակարարումներն ամենաաղքատ երկրներին իր հաշվին և պատշաճ քանակությամբ, եթե հացահատիկի գործարքը դադարեցվի։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առցանց ճեպազրույցի ընթացքում։
«Սևծովյան նախաձեռնության գործողության դադարեցման դեպքում մենք կապահովենք հացահատիկի զուգադրելի կամ ավելի մեծ խմբաքանակի մատակարարումներն ամենաաղքատ երկրներին մեր հաշվին՝ անհատույց», – ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն այս պահին հացահատիկի գործարքի երկարաձգման օգտին փաստարկներ չի տեսնում։
Նշելով հացահատիկի գործարքի ուկրաինական մասի առևտրայնացման փաստը` նա հայտնել է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնի տվյալները, որը գրանցում է Սևծովյան նախաձեռնության շրջանակներում Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխող բոլոր նավերը։
«Այս գործարքի գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինայի նավահանգիստներից ամիսը երկու նավ է դուրս եկել Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում, այսինքն՝ հենց այն բեռները, որոնք գնում են կարիքավոր երկրներ, իսկ հացահատիկի առևտրային փոխադրումներն ամսական հասնում էին 90-ի», – նշել է Լավրովը: