
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 14 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հունիսի 30-ին 14 բուժառու ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 7-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։