Բաժիններ՝

Փարիզում ցույցերի և անկարգությունների ընթացքում 667 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում արդեն երեք գիշեր է՝ ցույցեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։ Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի՝ ցույցերի ընթացքում առնվազն 667 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Բողոքի առիթ է դարձել ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը հայտնել է նաև, որ ոստիկանները, ժանդարմներն ու հրշեջները գիշերը երկրում ծայր առած «հազվադեպ բռնությունները հաղթահարել են խիզախորեն»։

Ամբողջ երկրում ցույցերի ընթացքում թալանվել են խանութներ, հրկիզվել մեքենաներ՝ չնայած ոստիկաններ մեծ թվին․ Ֆրանսիայում ցույցերի ընթացքում անկարգություններ թույլ չտալու համար տեղակայվել էր 40 հազար ոստիկան։

Հաղորդվում է, որ Փարիզի կենտրում գտնվող խանութներից կողոպտիչները գողացել են կոշիկներ, պայուսակներ և հագուստ։ Թալանվել են նաև ոսկերչական խանութներ։ Մայրաքաղաքի արվարձաններում, ինչպես նաև այլ քաղաքներում մարդիկ ներխուժել են սուպերմարկետներ։ Մարսելում թիրախավորվել են նաև ռեստորանները և սրճարանները։

Անկարգությունների էպիկենտրոնը դարձել է Նանտեր քաղաքը, որտեղ սպանվել էր դեռահասը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության անդամների հետ ևս մեկ արտակարգ հանդիպում կանցկացնի։

Դեռահաս վարորդ Նահելին սպանած ոստիկանի փաստաբանները հայտնել են, որ նա ներողություն է խնդրել տղայի ընտանիքից։ Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության հոդվածով։ Նահելի մայրը որդու հիշատակին երթ է անցկացրել և հայտնել, որ չի մեղադրում ամբողջ ոստիկանությանը, այլ միայն մահացու գնդակն արձակած ոստիկանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս