Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ հունիսի 29-ին այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, դեսպանության անձնակազմին և Միացյալ Նահանգների ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ:
Նախագահն ընդգծել է ԱՄՆ աջակցության կարևորությունը անկախացումից հետո Հայաստանի զարգացման և երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների առկա օրակարգի և բազմաշերտ համագործակցության շարունակական զարգացման վերաբերյալ: