Ֆրանսիան 40 հազար ոստիկանի կտեղակայի՝ ցույցերի ընթացքում անկարգությունները ճնշելու համար
Ֆրանսիայում այս գիշերվա ընթացքում 40 000 ոստիկաններ կտեղակայվեն՝ ճնշելու բռնության ցանկացած նոր բռնկում: Ինչպես տեղեկանում ենք France 24 պարբերականից, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը։
Ոստիկանի կողմից Նանտեր քաղաքում 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունից հետո վերջին երկու օրերին Ֆրանսիայում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։ Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով․ ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ներխուժել են հասարակական շենքեր, որտեղ այրել են փաստաթղթեր և կահույք, ճայթրուկներ են պայթեցրել ոստիկանության բաժինների առջև։
Իրավապահները ձերբակալել են առնվազն 180 մարդու։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 170 ոստիկան վիրավորվել է։
Դեռահասի մայրը կոչ է արել հունիսի 29-ին լուռ երթ անցկացնել իր միակ երեխայի հիշատակին։
Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատախազությունը պահանջում է միտումնավոր մարդասպանության մեղադրանքով կալանավորել դեռահասին սպանած ոստիկանին։