Ռումինիայի նախագահը հանդես է եկել երկրում ԱՄՆ-ի զինվորականների մշտական ներկայության օգտին
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հույս է հայտնել, որ ամերիկացի զինվորների ժամանակավոր ներկայությունը երկրում կդառնա մշտական, ինչը թույլ կտա ամրապնդել անվտանգության բնագավառը։ Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, Յոհանիսը ելույթ է ունեցել Անկախության օրվա 247-րդ տարեդարձի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կազմակերպած ընդունելությանը։
«Մեր՝ որպես Եվրամիության անդամ և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի կարգավիճակի հետ մեկտեղ, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունն այսուհետև էլ կշարունակի հետևողականորեն ձևավորել Ռումինիայի արտաքին քաղաքականությունն ու անվտանգության քաղաքականությունը… Ես ձեզ վստահեցնում եմ Ռումինիայի իշխանությունների լիակատար համագործակցությունը Ռումինիայում մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ ուժերի կայուն, հուսանք, նույնիսկ մշտական ներկայության համար հնարավոր լավագույն պայմաններ ստեղծելու գործում», – հայտարարել է Յոհանիսը։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր «դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր դյույմը պաշտպանելու» մտադրության մասին։ Յոհանիսն այս խոսքերի հաստատումը տեսնում է հազարավոր ամերիկացի զինվորների տեսքով, որոնք այսօրվա դրությամբ գտնվում են Ռումինիայում՝ ավանդ ներդնելով «եվրատլանտյան տարածքի անվտանգության ապահովման գործում»։
ՆԱՏՕ-ի մարտական խումբը (BGFP) Ռումինիայում ստեղծվել է անցած մայիսին: Այսօրվա դրությամբ Ռումինիայում զինվորականներ կան Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից։ Ըստ «РИА Новости»-ի՝ մարտական խումբն ունի թեթև զրահատեխնիկա և տանկեր, սակայն ակնկալում է ապագայում ստանալ ծանր սպառազինություն։