Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն սադրանք է որակել Ղուրանի այրումը Շվեդիայում

Ղուրանի այրման ակցիան Ստոկհոլմում սադրիչ և չմտածված գործողություն է։ Թեհրանում դատապարտում են այդ քայլը: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Սրբությունների պղծման կրկնությունը, հատկապես իսլամական ումմայի (խմբ․՝ իսլամադավան համայնք) համար սուրբ օրերին, ինչպես նաև միլիոնավոր մուսուլմանների այցը հաջի (խմբ․՝ ուխտագնացության), սադրիչ, չմտածված և անընդունելի արարք է», – մեջբերվում է Քանաանիի խոսքը Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում։

«Իրանի կառավարությունն ու ժողովուրդը, ինչպես նաև մյուս մուսուլմաններն ու ազատամիտ մարդիկ ամբողջ աշխարհում չեն ընդունում նման վիրավորանքը և խստորեն դատապարտում են այդ գործողությունները», – հավելել է նա։

Նասեր Քանաանին Շվեդիայի կառավարությանը կոչ է արել ուշադրություն դարձնել այս ակցիային և նմանատիպ գործողություններ թույլ չտալ ապագայում։

Ղուրանի այրումը համանման արձագանք է առաջացրել արաբական երկրներում։ Ակցիայի դատապարտմամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Հորդանանի իշխանությունները։ Էր Ռիադում սուրբ գրքի այրումը համարել են «ռասիզմի դրսևորում»։ Ամմանում ընդգծել են, որ այդ գործողությունները չպետք է հավասարեցվեն խոսքի և ինքնարտահայտման ազատության իրավունքի հետ։

Ակցիան տեղի է ունեցել հունիսի 28-ին ոստիկանության թույլտվությամբ Ստոկհոլմի կենտրոնի հրապարակներից մեկում։ Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան պոկել է Ղուրանի էջերը և այրել։ Այդ օրն ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին Իդ ալ Ադհան (Կուրբան Բայրամը թյուրքական ժողովուրդների մոտ)՝ գլխավոր կրոնական տոներից մեկը: Բացի այդ, հունիսի 28-ին ավելի քան 1,8 միլիոն մուսուլմաններ ավարտեցին հաջը՝ ուխտագնացությունն իսլամի սրբավայրեր Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս