
Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խուսափել սադրանքներից

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում կոչ է արել թուլացնել լարվածությունը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում կատարած գրառման մեջ։
«Ուրախ ենք այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես խրախուսեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն կառուցելու համար», – գրել է Սալիվանը։
Եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտգործնախարարությունը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ՝ շեշտելով, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը: