
Իրանին հաջողվել է վերադարձնել Սասանյանների ժամանակաշրջանի արձանը

: Սասանյանների ժամանակաշրջանի զինվորի արձանը, որը 35 տարի առաջ մաքսանենգ ճանապարհով դուրս էր բերվել Իրանից և 7 տարի առաջ հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, վերադարձվել է: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Երկրի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստագործության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանի իշխանությունները հունիսի 28-ի առավոտյան արձանը ստացել են Իմամ Խոմեյնիի օդանավակայանում։
Արտեֆակտն իրենից ներկայացնում է քարի մեջ փորագրված Սասանյան կայսրության ժամանակների զինվորի պատկեր։ Ինչպես հաղորդում են նախարարությունում, արվեստի այս ստեղծագործությունը կցուցադրվի Իրանի ազգային թանգարանում։
Սասանյան ժամանակաշրջանի այս պատմական քանդակը 1988 թ.-ին մուտք է գործել ԱՄԷ, իսկ 2006 թ.-ին դուրս բերվել այնտեղից։ Զինվորի արձանը հայտնաբերվել է Լոնդոնում՝ 2016թ.-ին:
Մինչ թանկարժեք հազվագյուտ քանդակն Իրան վերադարձնելն այն երեք ամիս ցուցադրվել է Բրիտանական թանգարանում։
Վերջին տարիներին Իրանի մաքսավորները կասեցրել են հազարավոր հնագիտական արտեֆակտների ապօրինի արտահանումն արտասահման: Իրանի իշխանությունները նաև ակտիվորեն աշխատում են ապօրինի արտահանված պատմական արժեքները վերադարձնելու ուղղությամբ։
Սասանյանների կայսրությունը գոյություն է ունեցել ներկայիս Իրանի և Իրաքի տարածքում մեր թվարկության 3-7-րդ դարերում։ Այն ձևավորվել է պարթև Արշակունիների արքայատոհմի անկումից հետո և հետագայում կործանվել արաբական արշավանքների հետևանքով: