Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում ռեստորանի հրթիռակոծության հետևանքով կա 8 զոհ, 56 վիրավոր
Գիշերը Ուկրաինայի տարածքը հերթական անգամ գնդակոծության է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, թևավոր հրթիռներով և զենիթային հրթիռներով: Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր առավոտյան տեղեկագրում:
Գերատեսչությունը նշում է, որ ՌԴ ուժերի կողմից C-300 համակարգերից արձակված հրթիռները հարվածել են Կրամատորսկ քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանին և առևտրի կենտրոնին, որտեղ հարվածի պահին բազմաթիվ մարդիկ կային:
Ըստ Ուկրաինայի արտակարգ ծառայությունների՝ հարվածի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա: Առնվազն 56 մարդ վիրավորվել է: Փրկարարները դեռ շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները:
BBC-ն նշում է, որ 150 հազար բնակիչ ունեցող քաղաքը հաճախ է թիրախավորվել 2022 թ.-ի փետրվարին սկսված ռազմական գործողությունների ընթացքում: Այն ռուսական զորքերի գրաված արևելյան շրջաններում Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած ամենամեծ քաղաքներից մեկն է:
РИА Новости գործակալությունն էլ հաղորդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը հետ են մղել հրթիռային հարձակումը Մելիտոպոլ քաղաքի վրա, որը ռազմական գործողությունների ընթացքում անցել է ՌԴ վերահսկողության տակ: Զապորոժիեում Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները նույնպես հայտնել են քաղաքում մի քանի պայթյունների մասին: