Միրզոյանը և Բլինքենը կարևորել են սահմանազատումը՝ հիմնված 1975-ի քարտեզի վրա․ ԱԳՆ
Հունիսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը»,- նշում են ԱԳՆ-ից։
Երկկողմ հանդիպմանը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Միրզոյանն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար: Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը ՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները։