Բաժիններ՝

Գերմանիայում ներգաղթի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

Գերմանիայում ներգաղթի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: Ըստ Վիսբադենի դաշնային վիճակագրական գերատեսչության՝ 2022 թ.-ի ընթացքում 2 միլիոն 666 հազար մարդ է մուտք գործել երկիր՝ բնակվելու համար: Այդ նույն ժամանակահատվածում Գերմանիայից հեռացել է 1 մլն 204 հազար բնակիչ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում երկիր ժամանողների և երկրից մեկնողների տարբերությունը կազմել է գրեթե 1,5 մլն մարդ։ Սա ավելի քան չորս անգամ բարձր է 2021 թ.-ի ցուցանիշից, երբ ներգաղթողների թիվը Գերմանիայում 329 հազարով է գերազանցել արտագաղթողների թիվը, և ամենաբարձր մակարդակն է 1950 թ.-ին նման վիճակագրություն սկսելու ժամանակներից:

Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ 2021 թ.-ին բնակության համար Գերմանիա է մուտք է գործել 1 մլն 323 հազար մարդ, 994 հազար մարդ լքել է երկիրը:

Նշվում է, որ ներգաղթի ոլորտում ցուցանիշների կտրուկ աճը կապված է, առաջին հերթին, պատերազմից պաշտպանություն փնտրող ուկրաինացիների հոսքի հետ։ 2022 թ.-ին Գերմանիայում գրանցվել է Ուկրաինայից ժամանած 1,1 միլիոն քաղաքացի, իսկ 138 հազար ուկրաինացի լքել է Գերմանիան։ Ուկրաինացիների ներհոսքի բարձրակետը 2022 թ.-ի մարտից մինչև մայիս ընկած ժամանակաշրջանն էր։ Մինչդեռ օգոստոսից սկսած՝ Ուկրաինայից Գերմանիա մուտք գործածների թիվն անընդհատ նվազել է։

Այդ նույն ժամանակաշրջանում աճել են նաև ցուցանիշները, որոնք արտացոլում են Գերմանիա ժամանած և այնտեղից հեռացած սիրիացիների թվի տարբերությունը. 2022 թ.-ին ներգաղթող սիրիացիների թիվը 68 հազարով գերազանցել է արտագաղթողների թիվը՝ 2021-ի 41 հազարի դիմաց: Նույնը վերաբերում է Աֆղանստանին (2022 թ.-ին՝ 55 հազար, 2021 թ.-ին՝ 31 հազար) և Թուրքիային (2022թ.-ին՝ 49 հազար, 2021 թ.-ին՝ 19 հազար): Փորձագետներն այս տարբերությունը բացատրում են փախստականների և քաղաքական ապաստան հայցողների թվի աճով:

Իսկ երկրից արտագաղթող գերմանացիները հիմնականում մեկնում են Շվեյցարիա, Ավստրիա և ԱՄՆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս