
Կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի հոբելյանի առթիվ հայ անվանի երաժիշտները հանդես կգան հատուկ համերգով

Ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի 115-ամյակի կապակցությամբ հայ անվանի երաժիշտները՝ դաշնակահար Հայկ Մելիքյանը և ջութակահար Անուշ Նիկողոսյանը հանդես կգան կոմպոզիտորին նվիրված համերգով՝ կատարելով նրա խոհափիլիսոփայական երաժշտությունը:
Համերգային երեկոն, որն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, տեղի կունենա հուլիսի 6-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Համերգին բացման խոսքով հանդես կգա Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, իսկ երաժիշտները կկատարեն կոմպոզիտորի և նրան նվիրված մի շարք գլուխգործոցներ։ Սա բացառիկ հնարավորություն է մասնագետների և երևանյան երաժշտասեր հասարակության համար ըմբոշխնելու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հազվադեպ են հնչում:
«Համերգն ունի խորհրդանշական կարևորություն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, և մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հանրահռչակման անհրաժեշտությունը մեր երկրում»,- նշում է համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։